Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի 
Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը վճռականորեն ընթանում է ժողովրդավարական զարգացման ճանապարհով, եւ ազատ ընտրությունները, մարդու իրավունքները, ազատ մրցակցային տնտեսությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, անկախ դատական համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ նոր իշխանությունների համար հիմնարար արժեքներ ու նպատակներ են:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, եւ ՀՀ-ն բաց է ու ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բոլոր ուղղություններով: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է  երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա  շնորհակալություն է հայտնել  Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբին՝ այս տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններում Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաեւ  Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն իսկ հաստատված՝ Հայաստանում ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի՝ 40 միլիոն դոլարով ֆինանսական հատկացման ավելացման համար:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է այս բոլոր տարիների ընթացքում տարբեր ծրագրերով Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ ներգրավվածության համար՝ վերահաստատելով ՀՀ  իշխանությունների նվիրումը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Ջեքի Կանչելյան-Սփիրը եւ Ջուդի Չուն շնորհակալություն են հայտնել Արարատ Միրզոյանին՝ իրենց Հայաստան հրավիրելու համար՝ նշելով, որ  իրենք ցանկանում են սերտորեն համագործակցել բոլոր որոլտներում: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները:

Զրույցի ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի վերաբերյալ: 



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ