Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Շվաբը բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի գործունեությունը

Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Շվաբը բարձր է գնահատել 
նախագահ Սարգսյանի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպել է ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդներին, գործարար հանրության, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու հեղինակավոր փորձագետներին` քննարկելու և լուծումներ առաջարկելու ժամանակակից աշխարհի գլոբալ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Ողջունելով Հայաստանի նախագահի այցը ֆորումի կենտրոնակայան՝ Կլաուս Շվաբը մասնավորապես նշել է․ «Մշտապես հիացել եմ Ձեր ինտելեկտով և տեսլականով: Կարծում եմ՝ Դուք այն բացառիկ քաղաքական գործիչներից եք, որն ապագայի նկատմամբ տեսլական ունի, ինչը Դուք նաև ի ցույց եք դրել Ձեր երկար տարիների գործունեության մեջ ու հրապարակումներում»։

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է հիշում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր գործունեությունը, որը նաև լավ փորձառություն էր իր համար։ Նա նշել է, որ հենց պրոֆեսոր Կլաուս Շվաբի տեսլականի շնորհիվ է Համաշխարհային տնտեսական ֆորումն իրականություն դարձել։ «Կարծում եմ՝ աշխարհն առանց Համաշխարհային տնտեսական ֆորումի այլ կլիներ: Ֆորումն առաջ գնալու շատ ուղիներ է ձևավորել: Նոր աշխարհում ամեն բան շատ արագ է տեղի ունենում: Երբեմն ես ա՛յդ աշխարհում եմ՝ նոր, քվանտային աշխարհում: Այս աշխարհում մենք Ձեզ պես քվանտային մտածողների կարիքն ունենք»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ որպես Հայաստանի նախագահ` ակնկալում է առաջիկա տարիներին ևս աշխատել Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության, մասնավորապես համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր այն ուղղությունների շուրջ, որտեղ Համաշխարհային տնտեսական ֆորումը կարող է իր ներդրումն ունենալ։ Որպես գործակցության մեծ ներուժ ունեցող ոլորտներ նախագահ Սարգսյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։

Նշվել է, որ ֆորումն իր ծրագրերի շրջանակում հետաքրքիր գործընկեր կարող է լինել նախագահական նոր նախաձեռնություններից մեկի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի համար, որն ունենալու է մի քանի բաղադրիչ: Նախատեսվում է, որ այս նախաձեռնությունը ներառելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, ստեղծվելու է նաև «Վաղվա թանգարան»՝ ապագայի թանգարան։

Գաղափարը համարվել է հետաքրքիր և նշվել, որ այդ ուղղությամբ համագործակցության մեծ հնարավորություն կա։

Կլաուս Շվաբն ասել է, որ հետաքրքրված են նաև գլոբալ աշխարհի զարգացման վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականով և ուրախ կլինեն լսել նրա տեսակետները քվանտային քաղաքականության, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ