Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գրադարանավարի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունում ոլորտի 34 աշխատակցի հանձնվեցին պատվոգրեր

Գրադարանավարի օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարությունում ոլորտի 34 աշխատակցի 
հանձնվեցին պատվոգրեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է ոլորտի 34 աշխատակից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին՝ նախարարությունում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, հանձնելով պատվոգրերը, շնորհավորեց ոլորտի  աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և բոլորին մաղթեց քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ:

«Գրադարանն այն եզակի միջավայրերից է, որտեղ գրքերի շնորհիվ հնարավոր է ստանալ բացառիկ դրական ազդեցություններ: Ես գիտեմ նաև, որ գրադարաններն ունեն խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում ու այդ խնդիրները կախված են տեխնիկական վերազինման գործընթացների հետ: Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև տեղեկատվական հոսքերի հասանելիության ուղիները, հատկապես՝ երիտասարդների, պատանիների շրջանում և այս առումով ստեղծվում է մեծ մրցակցություն: Ինչպես տեսնում ենք աշխարհում այս «հակամարտությունը» լուծվում է և մեր գրադարանները չեն կարող հետ ընկնել տեխնոլոգիական զարգացման այս գործընթացներից: Մենք պետք է այնպես անենք, որ մեր ընթերցողներին կարողանանք առաջարկել ավելին, և ոլորտը դարձնել առավել գրավիչ»,- նշեց Խաչատուրյանը և վստահություն հայտնեց, որ Հայաստանում ևս կհաղթահարվեն գրադարաններում առկա տեխնոլոգիական խնդիրները:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Նախարարությունը կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի ուսումնական հաստատությունների 217 գրադարանում իրականացվելու է 354 միջոցառում:

Ծրագիրը նվիրվում է Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: ՀՀ 217 գրադարանում տեղի են ունենալու գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ և այլն:

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]