Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ավինյանն ընդգծեց ՏՏ ոլորտում սովետական ժառանգությունը հղկելու անհրաժեշտությունը

Ավինյանն ընդգծեց ՏՏ ոլորտում սովետական ժառանգությունը հղկելու 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը սովետական շրջանից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ ժառանգություն է ստացել, որը ստեղծված հնարավորությունների հետ մեկտեղ հղկման կարիք ունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Սովետական ժամանակահատվածից ունենք լուրջ ժառանգություն այս ոլորտում, կրթական համակարգն այս ոլորտի նույնպես ժառանգություն է Սովետական միությունից: Սա կապված է նաև այն կարողությունների հետ, որոնք այս տարածաշրջանում հնարավոր է եղել զարգացնել: Այդ տաղանդը պետք է մշակել ու հղկել, և այն կարող է տալ շատ մեծ պտուղներ, քան հիմա է տալիս: Հիմա ոլորտը շատ արագ զարգանում է, արագացված տեմպերով աճեր ունենք: Տարբեր երկրներից ՏՏ ոլորտի ընկերություններ իրենց գրասենյակները տեղափոխում են Երևան, և այստեղ են իրականացնում իրենց աշխատանքները»,- ասաց Ավինյանը:

 Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ-ում վերջին 8 տարիների ընթացքում ոլորտն աճում է միջինում 28%-ով:

«Բարձր տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն տարբեր ոլորտներ, լինի դա արդարադատություն, պետական կառավարություն, ընդհանուր տնտեսությունը, և մենք մեր ջանքերով նպաստելու ենք, որպեսզի ՀՀ տնտեսությունում այդ փոխակերպումը տեղի ունենա»,- նշեց փոխվարչապետը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ