Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Հայաստանը դառնում է ավելի գրավիչ երկիր նորարարական ներդրումների համար.ՀՀ վարչապետ

Հայաստանը դառնում է ավելի գրավիչ երկիր նորարարական ներդրումների համար.ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը  վերջին 7 տարում աճել է շուրջ հինգ անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) պաշտոնական բացմանն այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Հայաստանում ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023 թվականը ազատված են շահութահարկից  և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտային հարկ: Որպես արդյունք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը  վերջին 7 տարում աճել է շուրջ հինգ անգամ և ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում: Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչև մագիստրատուրա, ասպիրանտուրա: Եվ ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ: Դա այն տրամաբանությամբ, որ մարդը երբեք չպետք է դադարի սովորել: Եվ մեր բոլորի՝ սկսած վարչապետից, վերջացրած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կարող է դառնալ դրախտ տաղանդավոր մարդկանց համար: Վարչապետի խոսքով, ինչպես երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներ սեփական տաղանդը զարգացնելու, կրթություն ստանալու, հայտնագործություն կատարելու հնարավորություն են տվել Հայոց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների, որոնք դարձել են համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակներ, այնպես էլ հիմա ազատ և զարգացող ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների համար:

«Մենք ամիսներ առաջ ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրվածները իմանան, նրանց համար կոնկրետ լինի, թե Հայաստանում որն է իրենց հասցեն: Հարգելի հյուրեր, մեզ բոլորիս հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, քաղաքակիրթ, հանդուրժող դարձնելու գործում»,-ասաց նա:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ