Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Վարչապետը հուսով է, որ «WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը

 Վարչապետը հուսով է, որ «WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենն, ինչ 
առաջարկում է Երևանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ։ Կառավարությունը երկիրը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար պատրաստ է բարեփոխել կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ընդառաջ «WCIT 2019»-ի կայքում հրապարակված ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը ՏՀՏ-ն հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ՝ մշակելով այնպիսի օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին և կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։ ՏՏ-ն իմ կաբինետի մշակած տեսլականի հիմքն է։ Հայաստանը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար մենք պատրաստ ենք բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։ Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը նկատել է՝ Հայաստանը շարունակում է իր ուժը զգալի դարձնել տեխնոլոգիական էկոհամակարգում․ թե՛ տեխնոհսկաների, թե՛ նորարարական ստարտափների շարքում։ Նա վստահեցրել է՝ ապագայում հայկական տեխնոլոգիական գերակայությունն ապահովելու համար կառավարությունը կբազմապատկի կրթական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների խթանմանն ուղղված ջանքերը՝ բավարարելու դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջները։ Դա թույլ կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին գործել Հայաստանում՝ օգտվելով հայկական սփյուռքի ծանոթությունների լայն ցանցից և հսկայական ռեսուրսներից։

«Որպես «WCIT 2019»-ը հյուրընկալող երկիր, Հայաստանն ապահովում է միջավայր, որը համախմբում է աշխարհի առաջատար մտավորականներին, բիզնես առաջնորդներին և քաղաքական գործիչներին՝ քննարկելու մի շարք հրատապ հարցեր, որոնց բախվում է տեխնոլոգիաների ապագան և որոնց հետևանքները կարող են ունենալ հեռահար սոցիալական, տնտեսական և քաղաքական ճյուղավորումներ՝ ողջ մարդկության համար»,-ասել է վարչապետը:

Նա համոզվածություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կիրականացնի իր ստանձնած դերը։  Վարչապետը հույս է հայտնել, որ ՏՏ համաշխարհային համաժողովի հյուրերը, մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը: «Չափազանց հպարտ եմ տեղեկանալ, որ «WCIT»-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ տեղի է ունենում այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է»,-ասել է վարչապետն ու նշել՝ անհամբերությամբ սպասում է նրանց Հայաստանում ողջունելուն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը ներկայացնում է համաշխարհային ՏՀՏ համայնքի 90%-ը և հաճախ ազդում է միջազգային հանրային քաղաքականության վրա: Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը: Նորարարությունը և նախաձեռնողականությունը երկար ժամանակ եղել են հայկական ինքնության առանցքը: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը տվել է գիտնականներ, ճարտարագետներ և գյուտարարներ, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարդկության զարգացման և կենսամակարդակի բարձրացման գործում: Որպես խորհրդային հանրապետություն՝ Հայաստանը խթանել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, ինչի շնորհիվ երկիրը կոչել են «Խորհրդային միության Սիլիկոնյան հովիտ»: Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։

ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Երևանում՝ Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 6-9-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ