1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԵԽ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր մեկնաբանության մեջ նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

«Հավատարիմ լինելով ժողովրդավարական արժեքներին և ճանաչելով միջազգային հանրության կարևոր ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ոլորտներում՝ Արցախը, սկսած 1992 թ.,  միակողմանիորեն միացել է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների հարգման երաշխավորումը՝ հիմնված արդարության և հավասարության վրա, հանդիսանում են կայունության, զարգացման և տևական խաղաղության հիմքը։  Այս կապակցությամբ կարևոր ենք համարում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտադրությունը գտնելու հնարավորություններ՝ չկարգավորված հակամարտությունների գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում կազմակերպության մեխանիզմների ներդրման համար՝ բոլոր ներգրավված կողմերի հետ շփումների միջոցով։ Մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հարցերի քաղաքականացման բոլոր փորձերը պետք է խստորեն կանխարգելվեն։  

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության պատրաստակամության մասին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ՝ նպատակ ունենալով հետևողականորեն ամրապնդել սեփական քաղաքացիների համընդհանուր և անօտարելի իրավունքների ու ազատությունների պաշտպանության ազգային մեխանիզմները՝ ներառյալ իր ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում»,- ասվում է Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]