Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

WCIT նվագախումբն արվեստի միջոցով աշխարհին կներկայացնի Հայաստանի նորարարական ներուժը

WCIT նվագախումբն արվեստի միջոցով աշխարհին կներկայացնի Հայաստանի 
նորարարական ներուժը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը պատրաստ է հոկտեմբերի 6-ին Հանրապետության Հրապարակում կայանալիք համերգային երեկոյին, որին ելույթ է ունենալու նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ համերգի գլխավոր փորձը, որին ներկա էին նաև լրագրողները:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները: Աննախադեպ ձևաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված են համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական գործեր, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։

Հայտնի ստեղծագործություններից բացի, WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Արհեստական բանականությանը «սովորեցրել են»  ստեղծագործել շարականի հիման վրա:

«Երաժիշտները 15 երկրից են. 15-րդ երկիրը Հայաստանն է: Փայլուն ստեղծագործողներ են բոլորը, և նրանք կարևորում են այն, որ  տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքը փոխում են»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը ղեկավարում է WCIT նվագախումբը:

Անդրադառնալով արհեստական բանականության ստեղծած երաժշտությանը` Սմբատյանն ասաց, որ  այն մոդելավորում է հայկական երաժշտությունը: «21-րդ դարում դա էական թռիչք է, և կարող է շատ բան փոխել, իսկ Հայաստանն այն երկիրն է, որը հստակ պատկերացում ունի այն մասին, թե արհեստական բանականությունն ինչ դեր կարող է խաղալ արվեստում: Իհարկե, ոչ ոք չի կարող նման երաժշտությունը համեմատել Խաչատրյանի կամ այլ կոմպոզիտորի ստեղծագործության հետ, բայց այն նոր ձևաչափ է, որը մեզ պետք է»,-շեշտեց դիրիժորը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով` արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը հնչեցնելն ինքնին նորարարություն է տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում: Նա նշեց, որ արհեստական բանականության ստեղծած երաժշտության կատարմամբ փորձելու են աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը նորարարական երկիր է, և մեր տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի պոտենցիալը հնարավոր է ցուցադրել նաև արվեստի միջոցով:

«Համաժողովի շրջանակում ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկումներ: Մեզ են միացել աշխարհի  տարբեր երկրներից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերությունների ղեկավարներ, որոնք խոսելու են շուկայից, ոլորտի զարգացումներից: Հրավիրել ենք նաև Քիմ Քարդաշյանին և հույս ունենք, որ նա ներկա կլինի համաժողովի բացմանը»,-ընդգծեց Եսայանը:

WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Սերգեյ Սմբատյանին և կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությանը Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է։   

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը, Հայաստանում հյուրընկալվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]