Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանն ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանն ուներ ու ունի քաղաքական 
մոտիվացիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանը չի կարող զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ուներ ու ունի քաղաքական մոտիվացիա, որն ամենևին Հայաստանի շահն ու ՍԴ-ի անկախության շահը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քննարկմանը: Որպես ԱԺ նախագահ, Միրզոյանը նախ ողջունեց «Իմ քայլը» խմբակցության՝ իր գնահատմամբ զուսպ, հավասարակշիռ ձևակերպումներով լի նախաձեռնությունը: Միրզոյանը շեշտեց, որ իր ավելացումներն և իր ձևակերպումներն ունի այդ նախագծի համար: Նրա կարծիքով՝ երկու տասնամյակից ավել ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ:

«Կասկած կա, որ ընտրությունների ընթացքում կամ զուգահեռ փորձ է արվել տապալել սահմանադրական կարգը: Եվ այդ մասին մենք հիմա ունենք դատավարություն: Այդպիսի ընտրությունների արդյունքում ձևավորվել է համակարգ, որտեղ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է եղել մի քանի ընտանիքների ձեռքին, և արհեստական խոչընդոտներ են առաջացել այլ տնտեսվարողների համար, ըստ էության ազատ շուկա չի եղել: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված համակարգում թալանվել, մսխվել են հանրային միջոցները, բյուջեն՝ ընդ որում նաև բանակից: Եվ սրա վերաբերյալ կասկածանքներով ընթանում են քրեական գործեր»,-ասաց Միրզոյանն ու նշեց, որ այդ համակարգին, այսպես ասած, սատարողներից մեկն էլ եղել է Հրայր Թովմասյանը:

Միրզոյանը միևնույն ժամանակ նկատեց, որ դա քաղաքական բարոյական առումով գուցե բավարար է, որ Թովմասյանն այլևս չկարողանա լինել ՍԴ նախագահ, սակայն գործող իրավական կարգավորումների պայմաններում՝ թերևս ոչ: ԱԺ նախագահը նկատեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ և ապա նախագահ է ընտրվել հապճեպորեն:

«35 տարի ժամկետով ՍԴ նախագահ է դառնում մի մարդ, որը եթե մի քանի օր հետո ընտրվելու լիներ, պետք է ընտրվեր 12 տարի ժամկետով»,-ասաց Միրզոյանն ու սա Սահմանադրության խախտում համարեց:

ԱԺ նախագահը նշեց՝ Թովմասյանի քաղաքական անցյալը չի բացառում ՍԴ նախագահ լինելու նրա հնարավորությունը: Նա նշեց՝ խոսքը աֆիլացվածության մասին չէ, խոսքը քաղաքական շարժառիթների, մոտիվացիայի մասին է: Միրզոյանի կարծիքով՝ Թովմասյանն ունեցել է հստակ քաղաքական մոտիվացիա, և այդ մոտիվացիան ամենևին չի եղել ՀՀ շահը կամ ՍԴ-ի անկախությունը պահպանելը: Նրա կարծիքով՝ այդ մոտիվացիան եղել է նախկին իշխանության ժամանակ եղած հանցագործությունները կոծկելը:

«Ես պնդում եմ, որ Հրայր Թովմասյանը ուներ և ունի քաղաքական մոտիվացիա և հետևաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ: Նա կարող է լինել քաղաքական գործիչ, կարող է գլխավորել մի ընդդիմադիր կուսակցության, որն ամենադաժան քննադատության կենթարկի մեզ: Նա կարող է, ըստ էության, զբաղվել օրենքով չարգելված ցանկացած գործունեությամբ: Մենք ի վերջո ազատ երկրում ենք ապրում, սակայն նա ՍԴ նախագահ լինել չի կարող: Նա այդ շանսն ուներ ու կորցրել է»,-ասաց Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]