1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջազգային միջոցառումները կնպաստեն ՀՀ հեղինակության բարձրացմանը

Հոկտեմբերին Երևանում անցկացվելիք միջազգային միջոցառումները կնպաստեն ՀՀ 
հեղինակության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի սկզբին տարբեր երկրների, ինչպես նաև միջազգային շատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայաստանը։ Այս օրերին Երևանը հյուրընկալում է տարբեր ոլորտների միջազգային միջոցառումներ, ինչպես ԵԱՏՄ գագաթնաժողովը և WCIT-2019-ը։

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում անցկացվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որի շրջանակներում Հայաստանում էին գտնվում ութ երկրների ղեկավարներ։ Բացի ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղըզստան) ղեկավարներից Երևանում էին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը։ Դոդոնի ներկայությունը պայմանավորված էր ԵԱՏՄ-ում Մոլդովայի՝ դիտորդի կարգավիճակով, իսկ Իրանի ու Սինգապուրի ղեկավարները հյուրի կարգավիճակով Երևան էին ժամանել՝ քննարկելու ԵԱՏՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացումը։ Մասնավորապես, Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները փաստացի իրականացրել է Հայաստանը, ուժի մեջ կմտնի արդեն հոկտեմբերի 27-ին։ Իսկ Սինգապուրի հետ համաձայնագիրը ստորագրվեց հենց հայաստանյան նիստի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ին։ Սինգապուրի հետ ԱԱԳ-ի շուրջ փաստաթղթի ստորագրման գործում ևս իր ներդնումն ունի Հայաստանը. մասնավորապես հուլիսին Սինգապուր կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լի Սյեն Լունի հետ քննարկել է բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր։ ԱԱԳ-ի ստեղծման շուրջ քննարկումներ են ընթանում նաև Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ։ Վերջինիս հետ բանակցությունների պատասխանատուն ևս Հայաստանն է։

ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովը կարելի է դիտարկել նաև որպես լավ հարթակ՝ երկկողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար։ Մասնավորապես, Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան կրում էր պաշտոնական բնույթ։ Այն ուղեկցվեց նաև Հայաստանի հետ ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ, ինչն, ըստ էության, վկայում է Սինգապուրի հետ հարաբերությունների հետևողկանորեն խորացման մասին։ ՀՀ վարչապետը հանդիպեց նաև մյուս երկրների իր գործընկերների հետ, Ռուսաստանի և Մոլդովայի նախագահները վարչապետին հրավիրեցին այցելել իրենց երկրներ։ Հնարավորություններ ստեղծվեցին նաև այլ երկրների ղեկավարների հանդիպումների համար, ինչպես Պուտին-Ռոհանի, Դոդոն-Ժեենբեկով և այլն։

Երևանյան միջոցառումների շրջանակներում անցկացվեց նաև «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով համաժողովը, որին մասնակցեցին նաև մի շարք երկրների ղեկավարներ։ Հյուրերը համաժողովի անցկացումը համարեցին արդյունավետ և որոշվեց նման ֆորումը դարձնել ամենամյա և անցկացնել ԵԱՏՄ նախագահող երկրում։

Այսպիսով, որպես կառույցի անդամ պետություն, և ավելին՝ որպես 2019թ․ նախագահող երկիր՝ Հայաստանն իր կարևոր ներդրումն ունի ԵԱՏՄ աշխարհագրության ընդյալնման, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացման գործում։ Բացի այդ 2019թ․ ընթացքում՝ նախագահության ինը ամիսներին, ԵԱՏՄ-ում զգալի աշխատանք է իրականցվել Հայաստանի մատնանշած գերակայությունների ուղղությամբ, ինչպես՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացում, թվային օրակարգի կյանքի կոչում, նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շուրջ ընթացող քննարկումներ և այլն։

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության և երևանյան միջոցառումների արդյունքում կարելի է արձանագրել, որ առնվազն կառույցի անդամ և վերջինիս հետ համագործակցության տարբեր ձևաչափեր ունեցող երկրների շարքում Հայաստանը դիտարկվում է որպես վստահելի և հուսալի գործընկեր, ինչը նպաստում է վերջիններիս շրջանում ՀՀ հեղինակության բարձրացմանը։

Մյուս ոչ պակաս իրադարձությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ից 9-ը: Այդ օրերին Երևանն առաջին անգամ հյուրընկալելու է ՏՏ 23-րդ համաշխարհային հեղինակավոր համաժողովը՝ WCIT-2019-ը։ Այն մեկտեղելու է 70-ից ավել երկրներից ավելի քան 2000 մասնակիցների։ Այն կարևոր հարթակ է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ հայաստանյան ՏՏ ընկերությունների ներուժը միջազգային գործընկերներին ներկայացնելու և նոր կապեր հաստատելու տեսանկյունից։

Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող այս ոլորտում նման բարձր հեղինակության և լայնամասշտաբ միջոցառման անցկացումը մեծ խթան կարող է հանդիսանալ մեր երկրի հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում ավելի ճանաչելի դարձնել Հայաստանն ու մեր երկրի հնարավորությունները։

Այսպիսով, հոկտեմբերի սկզբին Հայաստանը գտնվում է տարբեր երկրների և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հայաստանում նման միջազգային միջոցառումների անցկացումը նպաստում է ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ակտիվացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը, այնպես էլ միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության և ճանաչելիության բարձրացմանը։

Վարդուհի Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]