Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Իրանում ակտիվացել են Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղին վերակառուցելու քննարկումները

Իրանում ակտիվացել են Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղին վերակառուցելու 
քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին հաջողվում է քաղաքական տեսանկյունից իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ վերջին տարիներին եղածը մեկուսացումը, կարծես, ճեղքվում է:

«Ադրբեջան, Իրան, Ռուսաստան եռակողմ ձևաչափով համագործակցության մեջ այսօր խնդիրներ ենք նկատում: Մյուս կողմից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի  Իրանի համաձայնագիրը, ինչը ենթադրում է արդեն գործնական քայլեր, որը շատ կարևոր է Հայաստանի համար: Դրանից բացի, պետք է դիտարկել նաև Հայաստան-Իրան-Վրաստան համագործակցության ձևաչափը: Կարող ենք արձանագրել, որ Հայաստանի տարանցիկ հնարավորությունները սկսել են կարևորվել Իրանում»,-ասաց իրանագետը: Նա նշեց, որ այս օրերին Իրանի խորհրդարանում ակտիվ քննարկվում է Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղին վերակառուցելու հարցը: Արմեն Իսրայելյանը նշեց, որ այդ մասին որոշումն ընդունվել է 2010 թվականին, սակայն որևէ աշխատանք չի կատարվել: Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության համատեքստում Իրանի խորհրդարանականները այդ հարցը վերջին շրջանում պարբերաբար բարձրացնում են, որպեսզի Թավրիզը Հայաստանին կապվի ավելի կարճ ճանապարհով: Խոսքը 22 կմ ճանապարհի մասին է, որը վերակառուցելուց հետո Իրանը հնարավորություն կունենա մեկ ժամվա ընթացքում լավ որակի ճանապարհով հասնել Հայաստան: Իրանագետը նշեց, որ մեր երկրում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները լավ հնարավորություն են տալիս Հայաստանի տարանցիկ նշանակությունն ավելի կարևորելու համար:

«Եթե մենք ֆինանսական առումով չենք կարող մասնակցել այդ մայրուղու կառուցմանը, ապա Հայաստանը գոնե պետք է իր տեխնիկական աջակցությամբ, խորհրդատվական մասնագիտական աջակցություն ունենա այս գործում, որպեսզի դուրս չմնանք դրա հետ կապվող այլ ծրագրերից»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին՝ իրանագետը նշեց, որ լավ ցուցանիշ արձանագրվել է: Բավական լավ հիմք է դրվել արդյունավետ համագործակցության համար: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարները երկու անգամ հանդիպել են ու մի քանի հեռախոսազրույց են ունեցել:

«Քննարկվել է Իրան-Հայաստան օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ընթացքում էլ, տրվել են այն հարցերի պատասխանները, որոնք տարիներ շարունակ բարձրացվել են Իրանի կողմից»,-ասաց Արմեն Իսրայելյանը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ