Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լատվիացիները կարող են հետաքրքիր վայրեր գտնել Հայաստանում. Դեսպան Մկրտչյանի հարցազրույցը nra.lv-ին

Լատվիացիները կարող են հետաքրքիր վայրեր գտնել Հայաստանում. Դեսպան 
Մկրտչյանի հարցազրույցը nra.lv-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը լատվիական nra.lv լրատվականին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված թարգմանությունը:

Լիգա Ռուշենիցե: Ձեր նախաձեռնությամբ Լատվիայի ռադիոյի երգչախումբը շուտով կկատարի նոր ծրագիր՝ Կոմիտասի «Պատարագը»։ Հայկական հոգևոր երաժշտությունը հնչելու է Ռիգայի Սբ. Հովհաննես եկեղեցում ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին: Շնորհիվ այս ծրագրի՝ Լատվիան, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, նշում է Կոմիտասի կամ Սողոմոն Սողոմոնյանի 150 ամյակը (1869-1935):

Տիգրան Մկրտչյան։ Հայերն ունեն մի քանի սյուներ կամ հիմնասյուներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ ներկայացնելու մեր մշակույթը: Այդ հիմնասյուներից մեկը մեր մշակույթի հիմնական դերակատարներից մեկի՝ 10-րդ դարի քահանա, բանաստեղծ, կոմպոզիտոր Սբ. Գրիգոր Նարեկացու (951-1003) «Մատյան ողբերգությանն» է: Մյուս ականավոր անկատը Կոմիտասն է՝ հոգևորական և կոմպոզիտոր, հայկական դասական երաժշտության հիմնադիրը, որն ապրել է Նարեկացուց 10 դար հետո։ Նրա թողած ժառանգությունը ոչ պակաս արժեքավոր է: Իհարկե, դժվար է նրանց թողած ժառանգությունը համեմատել, բայցևայնպես…

Գրեթե 2 տարի առաջ հրատարակվեց Նարեկացու «Մատյան ողբերգության» լատիշերեն թարգմանությունը, և այդ իրադարձությունը նշելու նպատակով Լատվիայի ռադիոյի երգչախումբը Ալբերտ Շինիտտկեի ստեղծագործությունը` Երգչախմբի կոնցերտը, որը գրված է «Մատյան ողբերգության» հիման վրա: Ես հարցրի՝ արդյո՞ք երգչախումբը կցանկանա կատարել Կոմիտասի պատարագից մի փոքր հատված՝ մոտավորապես 3 րոպե: Նրանք արեցին դա, և կատարումը հրաշալի էր: Հայաստանցի երաժիշտները և Լատվիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչներն ասացին, որ հրաշալի զգացողություն էր լսել խառը երգչախմբի կողմից պատարագի մի հատվածի կատարումը, որն ի սկզբանե գրվել է տղամարդկանց երգչախմբի համար:

Մեկ տարի անց հանրահայտ ժամանակակից հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը (այն նույն ստեղծագործությունը, որը ներկայացվել էր «Գրեմի» հեղինակավոր մրցանակաբաշխության) առաջին անգամ կատարվեց Լատվիայում: Այն այնքան էլ երկար չէ, մոտավորապես 45 րոպե, և ես հարցրի, արդյո՞ք երգչախումբը կկատարի 3 հատված Կոմիտասի Պատարագից: Նրանք համաձայնեցին, և նրանց կատարումը նորից ոչ պակաս հրաշալի էր: Մի փոքր նրբերանգ՝ Շնիտկեի կոնցերտը ռուսերեն է, Մանսուրյանի Ռեքվիեմը՝ լատիներեն, իսկ Կոմիտասի Պատարագը՝ հայերեն, որը մեծ մարտահրավեր է ցանկացած ոչ հայկական երգչախմբի համար: Ես համոզված էի՝ սա այն երգչախմբերից է, որը կկարողանա բեմադրել ամբողջական Պատարագը:

Այս տարի Կոմիտասի 150-ամյակը ներառված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր իրադարձությունների և անձանց ցուցակում, որոնց ժառանգությունն ու ձեռքբերումները պետք է հիշվեն, այդ իսկ պատճառով Կոմիտասին նվիրված միջոցառումները կազմակերպվում են ամբողջ աշխարհում: Խորհելով այն մասին, թե ինչպես պետք է նշենք Կոմիտասի տարեդարձը՝ մենք վերադարձանք Կոմիտասի Պատարագին, ինչն, անկասկած, մեծ մարտահրավեր է ցանկացած գեղարվեստական կոլեկտիվի համար:

Այս ստեղծագործությունը գրված է տղամարդկանց երգչախմբի համար: Կոմիտասն անձամբ է Պատարագի մի քանի հատված, բայց ոչ ամբողջը, վերախմբագրել խառը կազմով երգչախմբերի համար: Այժմ անհնար է իմանալ՝ արդյո՞ք կոմպոզիտորը կփոխադրեր ամբողջ ստեղծագործությունը, թե՝ ոչ: Պատարագն ավարտվել է 1915 թ.՝ իր՝ Անատոլիա աքսորից կարճ ժամանակ առաջ, բայց 1916 թ. նա տեղափոխվում է Թուրքիայի հոգեբուժարաններից մեկը, իսկ 1919՝ Փարիզ, որտեղ էլ անցկացնում է կյանքի մնացած 20 տարիները: Նա այդ ժամանակ արդեն դադարել էր գոյություն ունենալ որպես անհատականություն, ինչպես նաև՝ որպես կոմպոզիտոր:

Առանց դույզն ինչ կասկածի, այս ծրագիրը մեծ մարտահրավեր է: Վաչե Շարաֆյանը՝ մեր ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտորներից մեկը, նորովի է փոխադրել պատարագը խառը երգչախմբերի համար: Այս կատարմանն իրենց մասնակցությունն են ունենալու նաև երկու հայ երգիչներ՝ տենոր Արմեն Բադալյանը և բաս Հովհաննես Ներսիսյանը: Դիրիժոր Սիգվարդս Կլյավան բավական լուրջ է մոտեցել նախապատրաստական աշխատանքներին. այս տարվա փետրվարին նա այցելեց Հայաստան՝ Կոմիտասի թանգարան և մնաց Էջմիածնի վանական համալիրում, տեղ, որտեղ մի քանի տարի ապրել և աշխատել է Կոմիտասը Գերմանիայում ուսումնառությունն ավարտելուց հետո: Ի միջի այլոց, վանքն ունի աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկը: Այս ծրագիրը բավական երկար ժամանակ, էներգիա և միտք պահանջեց: Սա կարող ենք համարել մեր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերից մեկը:

Լիգա Ռուշենիցե:  Գաղտնիք չէ, որ մենք ունենք մի քանի հրաշալի երգչախմբեր: Իսկ ինչպե՞ս Դուք հայտնաբերեցիք Լատվիայի ռադիոյի երգչախումբը:

Տիգրան Մկրտչյան։ Պետք է խոստովանեմ՝ ես սիրում եմ դասական երաժշտությունը: Իմ ամենասիրելի գործերից մեկը Շնիտկեի երգչախմբի համերգն է, իսկ Ռադիոյի երգչախումբը դրա ամենալավ կատարողներից է: Նաև իմ կինը՝ Իլզե Պագլե-Մկրտչյանը, հորդորեց ինձ այս երգչախմբի հետ համագործակցության տարբերակներ փնտրել: Եվ վերջապես, բայց ոչ վերջինը, ամենամեծ երաշխավորությունը եկավ էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտից, որի հետ հանդիպել էի Էստոնիա կատարած իմ այցերից մեկի ժամանակ: Ես նրան ներկայացրեցի Ռադիոյի երգչախմբի հետ մեր համագործակցության մասին և նա պատասխանեց, որ այն աշխարհում ամենալավ երգչախմբերից մեկն է, եթե ոչ՝ ամենալավը: Ռադիոյի երգչախմբի համար խորթ չեն բարդ ստեղծագործությունները, սակայն ամենամեծ մարտահրավերը լինելու է հայերենը:

Ասեմ ավելին, համերգից հետո այն ձայնագրվելու և հրապարակվելու է ամերիկյան Դելոս ընկերության կողմից, այնպես որ այն կարող է դառնալ ոչ միայն Կոմիտասի երաժշտության անմահացման գործում լավագույն ձեռքբերումներից, այլ նաև հայկական մշակույթի ամենավառ օրինակներից մեկը:

Լիգա Ռուշենիցե: Ի՞նչ եք ակնկալում հանդիսատեսից:

Տիգրան Մկրտչյան։ Անկասկած, կարելի է դատել ոչ միայն երգչախմբի կատարումից, այլ նաև հանդիսատեսի արձագանքից: Լատվիայում ՀՀ դեսպան դառնալուց ի վեր մենք կազմակերպել ենք բազմաթիվ համերգներ, և պետք է ասեմ, որ լատվիացի հանդիսատեսը մշտապես բացառիկ սիրով է վերաբերվել հայկական դասական երաժշտությունը:

Լիգա Ռուշենիցե: Գրեթե երեք տարի առաջ Դուք դարձաք Լատվիայում ՀՀ դեսպան: Հանրությանը հասանելի տեղեկատվությունը բավական խոսուն փաստեր է տալիս, որ ամեն ինչ արել եք հայկական մշակույթը Լատվիայում ժողովրդականացնելու համար: Արդյո՞ք դա գիտակցված ընտրություն է:

Տիգրան Մկրտչյան։ Այո՛, ճիշտ եք, դա այդպես է: Մեր օրերում դա սովորաբար կոչվում է «փափուկ ուժ»: Եթե ազգը կամ ժողովուրդը կարող է հպարտանալ որոշակի հարստությամբ, ապա առաջին ու ամենակարևոր հարստությունը մշակութային հարստությունն է, և դա պետք է ցույց տալ այլ ժողովուրդներին նույնպես` նրանց սրտերն ու մտքերը նվաճելու համար: Ահա և մշակութային դիվանագիտության գլխավոր նպատակն ու նշանաբանը. պետք է օգտագործել փափուկ ուժը մարդկանց սրտերին ու մտքերին հասնելու համար: Երկիրը պետք է ցույց տա իր հարստությունները՝ մշակութային հարստությունը, հակառակ դեպքում այն անհայտ կմնա:

Նարեկացու «Մատյան ողբերգությունը» խորաթափանցության ֆանտաստիկ օրինակ է: Այս վանականի կողմից արծարծված հարցերը անսովոր էին 10-րդ դարում, փաստացի, մարդիկ սկսեցին տալ իրենց այս հարցերը շատ ավելի ուշ։ Օրինակ` 300-400 տարի անց` Վերածննդի ժամանակահատվածում, այս հարցերը սկսեց արծարծել Դանթեն: Այնինչ, դրանք դեռ 10-րդ դարում էին բարձրացվել Հայաստանում մի փոքրիկ, լեռնային գյուղում ապրող վանականի կողմից, որը գիտեր միայն իր ընկերակից հոգևորականներին, երբեք չէր ճամփորդել ու որևէ կապ չէր ունեցել «մեծ» աշխարհի հետ:

Գիտելիքի նրա աղբյուրները եղել են միայն գրքերը, շրջապատող մարդիկ, հայրն ու հորեղբայրը: Իհարկե, դժվար է հասկանալ, որ սովորական մարդ արարածը կարող է այսպիսի խորաթափանցություն ունենալ. այն, անշուշտ, պետք է տրված լիներ Աստծո կողմից:

Եթե դուք ունեք որևէ հիանալի երևույթ ձեր մշակույթում, ապա պետք է այն որքան հնարավոր է շատ ներկայացնեք աշխարհին: Մի շատ իմաստուն մարդ, որն ապրում է Վատիկանում, մի անգամ ինձ ասաց. «Դուք՝ դեսպաններդ, պետք է Նարեկացու սուրհանդակները լինեք»: Ես ասացի նրան, որ կլինենք, և ոչ միայն Նարեկացու: Ես կարող եմ թվարկել մեր մշակույթի մի շարք գործիչների, քանի որ մեր մշակույթը մեծ է ու հարուստ, և մենք շատ բան կարող ենք առաջարկել: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի լատվիացի հանդիսատեսը, լատվիական հասարակությունը հասանելի լինի հայկական մշակույթին:

Լիգա Ռուշենիցե: Մշակութային ժառանգությունը հայտնի դարձնելն արժեքավոր աշխատանք է, սակայն, ինչպե՞ք եք Դուք տեսնում երկու երկրների համագործակցությունը, օրինակ` գիտության, կրթության ոլորտներում: Արդյո՞ք Ձեր տեսլականն ընդգրկում է տնտեսական ոլորտը նույնպես:

Տիգրան Մկրտչյան։ Իհարկե, տնտեսությունը, ինչպես նաև քաղաքականությունը: Մենք քննարկել ենք սա Գիտությունների ակադեմիայում և ունենք որոշ գաղափարներ, թե ինչպես խորացնենք մեր համագործակցությունն ապագայում․․․

Լիգա Ռուշենիցե: Ըստ վիճակագրության` համագործակցության անկյունաքարն ալկոհոլն է. Լատվիան, ինչպես նաև Հայաստանը, ալկոհոլ են ներմուծում, ինչը փոքր-ինչ տարօրինակ է:

Տիգրան Մկրտչյան։ Այնքան էլ տարօրինակ չէ: Պետք է նշեմ, որ Հայաստանն աշխարհում լավագույններից մեկն է կոնյակի արտադրության ոլորտում, և միանգամայն տրամաբանական է, որ Լատվիան ներմուծում է դա, և որ մարդիկ Ձեր երկրում չեն մոռացել «Արարատ» կոնյակի ֆանտաստիկ համը:

Լիգա Ռուշենիցե: Կոնյա՞կ:

Տիգրան Մկրտչյան։ Հավանաբար, պետք է ասեի «բրենդի», բայց մենք այն դեռ կոնյակ ենք անվանում:

Լիգա Ռուշենիցե: Այսօր գինու արտադրությունը Հայաստանում շատ արագ է զարգանում. վերջին տասնամյակում այն դարձել է թրենդային, և այսօր Հայաստանում գինու ընտրության հնարավորությունն այնքան մեծ է, որ յուրաքանչյուրը կարող է գտնել քիմքին համապատասխան գինի: Բալթյան երկրների ներկրողները նույնպես նկատել են այս միտումը, և չեմ զարմանում, որ շուկան էլ է դրական արձագանքել:

Լատվիայից մենք ներմուծում ենք «Սև Բալզամ», որն ամենապահանջվածներից է, և, համապատասխանաբար, ամենաարժեքավոր ապրանքներից մեկը: Իհարկե, այլ տեսակի ալկոհոլ նույնպես ներմուծում ենք, օրինակ` օղի:

Լիգա Ռուշենիցե: Հայաստանի հարևան Վրաստանը շատ ճանաչված, ակտիվ ու գրավիչ է Լատվիայի զբոսաշրջության ոլորտում: Իսկ Հայաստանը հետաքրքրված չէ՞ մեր զբոսաշրջիկներով:

Տիգրան Մկրտչյան։ Ամենամոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, որովհետև «Էյր Բալթիկը», ամենայն հավանականությամբ, կսկսի առաջարկել Երան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթներ: Այսպիսի չվերթ բացվեց 2009 թ., սակայն արդեն 2011թ. այն փակվեց՝ տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ արդեն «Էյր Բալթիկը» ընդլայնում է ցանցը, և դեպի Երևան ուղիղ չվերթների հնարավորությունը լրջորեն քննարկվում է: Ես հանդիպել եմ ընկերության ղեկավարության հետ և ստացել եմ հավաստիացում, որ մոտակա 2-3 տարում այս չվերթները կարող են վերաբացվել:

Ուղիղ չվերթները շատ կարևոր են զբոսաշրջիկներին գրավելու համար: Հաջորդ կարևոր նախապայմանը «լոու քոսթ» ավիաընկերությունների կողմից առաջարկվող չվերթներն են, օրինակ` Երևան կամ Գյումրի թռիչքները, ինչը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել: Անկասկած, Հայաստանն արդեն բաց է զբոսաշրջիկների համար, բայց, հավանաբար, ոչ այնքան հասանելի, որովհետև մարդիկ պետք է գնեն կապող թռիչքներ, ինչը հաճախ իսկապես էժան չէ:

Այն, ինչ վստահաբար պետք է հաշվի առնել, դա ուղևորություններ առաջարկելու տարբերակն է ինչպես դեպի Վրաստան, այնպես էլ՝ Հայաստան, քանի որ շատ հեշտ է պլանավորել ուղևորություն, որը ներառում է տեսարժան վայրեր երկու երկրներում էլ:

Լիգա Ռուշենիցե: Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը Հայաստանում պատրաստ է սպասարկել զբոսաշրջիկների այդպիսի հոսք։ Իհարկե, հազիվ թե Լատվիայից Հայաստան զբոսաշրջիկների մեծ հոսք լինի, բայց ցածր գնային քաղաքականությամբ ավիաընկերությունների մուտքը շուկա կարող է կարևոր դեր խաղալ թվերի աճի համար:

Տիգրան Մկրտչյան։ Զբոսաշրջության ոլորտը և դրա կողմից առաջարկվող ծառայությունները Հայաստանում տարեցտարի ավելանում են, և վստահեցնում եմ, որ աճն իրոք նշանակալի է։ Իհարկե, աշխարհասփյուռ հայությունը հսկայական է, հազարավոր մարդիկ ամեն տարի ճանապարհորդում են դեպի Հայաստան, բայց ես համոզված եմ, որ ոչ հայ զբոսաշրջիկների թվաքանակի աճը որևէ խնդրի չի հանգեցնի։

Լատվիացիները հաստատապես կարող են հետաքրքիր վայրեր գտնել Հայաստանում, այնքան, ինչքան կգտնեն Վրաստանում։ Մենք շատ նմանություններ ունենք Վրաստանի հետ, թեև, իհարկե, ունենք նաև տարբերություններ։ Հայաստանը ավելի լեռնային է, օդը ավելի չոր է, և մեր խոհանոցը նույնպես տարբեր է վրացականից։

Ճաշակի հարց է՝ ոմանք նախընտրում են վրացական խոհանոցը, ոմանք՝ հայկականը։ Այնուամենայնիվ, այս համեմատությունները հետաքրքիր են։ Նրանք, ովքեր այցելել են Վրաստան և միգուցե ոչ մեկ անգամ, ես կցանկանայի հրավիրել այցելելու Հայաստան՝ մեկ այլ երկիր Հարավային Կովկասում։

Ենթադրում եմ, որ կլինեն մարդիկ ավելի ավագ սերնդից, որոնք հաճելի հիշողություններ կունենան Հայաստան կատարած իրենց ճանապարհորդություններից։ Երիտասարդ սերունդը պետք է բացահայտի ու ուսումնասիրի մեր երկիրը, և մենք անում ենք ամեն հնարավորը՝ նրանց այդ հարցում օգնելու համար։ Ես գիտեմ, որ շատերը ճանապարհորդել են Հայաստան մեր գրականությունը կարդալուց հետո, շատերի մոտ հետաքրքրություն է առաջացել ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի գրքերը կարդալուց հետո։ Նրանք հատկապես ուզում էին այցելել Նարինե Աբգարյանի հայրենիք։

Լիգա Ռուշենիցե: Մեր երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության վրա ինչքանո՞վ է ազդում այն փաստը, որ Ձեր նստավայրը Լատվիայում չէ, և որ Լատվիան չունի դեսպանություն Հայաստանում։

Տիգրան Մկրտչյան։ Մենք փորձում ենք ակտիվ լինել, աշխատել այնքան, որ այս փաստն իրեն զգացնել չտա։ Ես գործնականում Լատվիա այցելում եմ ամեն ամիս, օգոստոսն, իհարկե, բացառություն է։ Կարող եմ ասել, որ ես այստեղ լինում եմ տարեկան 8-10 անգամ, ինչը շատ է ոչ ռեզիդենտ դեսպանի համար։ Մենք ամենաքիչը երեք միջոցառում ենք կազմակերպում տարեկան, երբեմն անգամ 5, և սա կրկին լավ ցուցանիշ է ոչ ռեզիդենտ դեսպանի համար, քանի որ որոշ ռեզիդենտ դեսպանություններ տարեկան մեկ-երկու միջոցառում են ունենում։ Մենք փորձում ենք նկատելի լինել Լատվիայի հասարակության կողմից, լինել հնարավորինս ակտիվ։

Իհարկե, ռեզիդենտ դեսպանը ֆիզիկապես երկրի մայրաքաղաքում գտնվելու, իրադարձություններին մոտ գտնվելու ու տեսանելի լինելու առավելությունն ունի։ Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այս փաստը թուլացնում է մեր երկու երկրների միջև կապերը, կարծում եմ՝ մեր հարաբերությունները լավ են ու կայուն։ Կատարյալ աշխարհում իհարկե իդեալական կլիներ, եթե երկիրը դեսպանություններ ունենար բոլոր երկրներում։ Այս դիտարկումը ճիշտ է թե՛ Հայաստանի, թե՛ Լատվիայի համար, բայց սահմանափակ ռեսուրսները պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործվեն։

Լիգա Ռուշենիցե: Դուք ավելի շատ նմանություննե՞ր, թե՞ տարբերություններ եք տեսնում լատվիացիների ու հայերի միջև։

Տիգրան Մկրտչյան։ Պետք է ասեմ, որ տարբերություններն ավելի շատ են։ Ունենք որոշ նման գծեր, ինչը պայմանավորված է երկուսի փոքր ազգ լինելով։ Այն ազգը, որն ապրում է մեծ պետության հարևանությամբ զարգացնում է ինքնապահպանման շատ ուժեղ բնազդ, և սա է մեր երկու ազգերի նմանությունը։

Թե՛ լատվիացիները և թե՛ հայերը շատ զգայուն են, երբ մեր ինքնությունը կամ դրա պահպանությունը վտանգի տակ է։ Ուր էլ գնան այս երկու ազգերը, նրանք փորձում են պահպանել իրենց ինքնությունը։ Բայց միաժամանակ այս երկու ազգերն էլ ինտեգրվում են այն հասարակություններում, որտեղ ապրում են: Կարծում եմ՝ սա ընդհանուր հատկանիշ է բոլոր փոքր ազգերի համար, որոնք դժվար պատմություն են ունեցել։

Լիգա Ռուշենիցե: Երբ դուք եկաք, մենք ողջունեցին իրար լատիշերենով, և Դուք ներողություն խնդրեցիք՝ նշելով, որ Դուք միակն եք Ձեր ընտանիքում, ով լատիշերեն չի խոսում։

Տիգրան Մկրտչյան։ Ես և իմ կինը, իհարկե, ունենք փոքր ազգերին բնորոշ հոգեբանությունը, երբ խոսքը ինքնության մասին է։ Կինս մեր մեծ տղայի հետ նրա ծննդյան օրվանից խոսում է լատիշերեն, մինչդեռ ես նրա հետ հայերենով եմ շփվում։ Նույնը վերաբերում է նաև մեր փոքր՝ երկու տարեկան եռյակին: Իմ կնոջ հետ, ով հասկանում է հայերեն, ես շփվում եմ անգլերենով, երբեմն ռուսերեն՝ կախված միջավայրից։

Մեր տասը տարեկան տղան հրաշալի տիրապետում է հայերենին և լատիշերենին, խոսում է անգլերենով ու ռուսերենով։ Որոշ ծնողներ կարծում են, որ իրենց երեխաները սահմանափակ հիշողություն ունեն, հետևաբար միայն մեկ լեզվով պիտի խոսեն ընտանիքում, բայց ես կարծում եմ, որ թե՛ մոր և թե՛ հոր լեզուն հավասարապես կարևոր են անհատի ինքնության ձևավորման համար։

Լիգա Ռուշենիցե: Դուք պատրա՞ստ եք, որ ինչ-որ պահի ապագայում Ձեր երեխաների մոտ ինքնություններից մեկը կգերակշռի մյուսին, և նրանք կընտրեն, թե որ մշակույթին են ցանկանում պատկանել։

Տիգրան Մկրտչյան։ Ես հավատացած եմ, որ իմ երեխաները կլինեն հավասարապես լավ լատվացիներ ու հայեր և մենք չենք պայքարում նրանց դարձնելու ավելի լատվացի կամ ավելի հայ։ Կարևոր է խուսափել անգամ մտքից, որ նրանք ստիպված կլինեն ընտրել, թե որ մշակույթին են ցանկանում պատկանել։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]