Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

ԱՄՆ-ն ու Հայաստանը համագործակցության նոր մակարդակում են. փորձագետների անդրադարձը Փաշինյանի այցին

ԱՄՆ-ն ու Հայաստանը համագործակցության նոր մակարդակում են. փորձագետների 
անդրադարձը Փաշինյանի այցին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես հայ-ամերիկյան, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մի շարք կարևոր խնդիրների: Ամփոփելով ՀՀ վարչապետի այցը ԱՄՆ՝ ամերիկագետ Լիանա Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այցի շրջանակում զարկ տրվեց հայ-ամերիկյան հարաբերություններին ոչ միայն ֆեդերալ, այլև առանձին նահանգների մակարդակով: Այս այցելության ընթացքում շեշտադրվել է Կալիֆորնիա նահանգը: Փորձագետը նկատեց, որ այս նահանգը թե իր բնակչությամբ, թե տնտեսական հնարավորություններով մեծ ներուժ ունի, ինչը կարող ենք ուղղել Հայաստանի հետ համագործակցությունն ակտիվացնելուն:

«Այնտեղ շրջանակային համաձայնագրի կնքումը կարևոր էր և արձանագրում էր կողմերի պատրաստակամությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և այլն: Այստեղ կարևոր էր վարչապետի այցը Սիլիկոնյան հովիտ»,-ասաց Լիանա Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետի այցի ընթացքում կարևոր էր բիզնես ֆորումի անցկացումը: Այն հնարավորություն տվեց երկրի առաջին դեմքից լսել Հայաստանում բիզնես հնարավորությունների, ներդրումների պայմանների մասին: Ֆորումին մասնակցում էր 250 գործարար:

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, այստեղ ևս հնարավոր եղավ արձանագրել մի շարք ձեռքբերումներ: Լիանա Հովհաննիսյանը նկատեց, որ Կալիֆորնիայում կայացած հանրահավաքին աջակցել էին այնտեղ գործող հայկական քաղաքական ուժերը: Վարչապետի մակարդակով արձանագրվեց, որ այսուհետ Սփյուռքը չի դիտարկվելու միայն օգնություն տվող օղակ, այլ պետք է տրամադրել հնարավորություններ, ապահովել պայմաններ Հայաստանում բիզնես ծավալելու համար՝ միևնույն ժամանակ նպաստելով երկրի զարգացմանը: Այսինքն՝ հիմքում փոխշահավետ համագործակցության գաղափարն է:

Կարևոր էր վարչապետի այցը հեղինակավոր «Նյու Յորք թայմս»-ի խմբագրություն, որտեղ առաջին ձեռքից տրվեց ինֆորմացիա Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Այս համատեքստում Լիանա Հովհաննիսյանն առանձնացրեց ամերիկյան փորձագետների հետ հանդիպումը ևս:

Ինչպե՞ս է գնահատվում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, ինչու չկայացավ երկու երկրների ղեկավարների հանդիպումը. լրագրողների հարցերին ի պատասխան քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ երկու երկրների հարաբերություններում, ընդհանուր առմամբ, այցելությունների ինտենսիվությունն ակնհայտ է, Հայաստանի հետ շփումներում ներգրավված են բարձր մակարդակի պաշտոնյաներ: «Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին հարցին, ապա ասեմ, որ այն երկու երկրների օրակարգում կա: Բայց այստեղ պետք է հասկանալ, թե Փաշինյանն ու Թրամփը ինչ օրակարգով են հանդիպելու: Արդյո՞ք ունենք բավարար ձևավորված օրակարգ, որի հիման վրա ստեղծվի անհրաժեշտություն հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու կամ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, կարծում եմ, որ այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ մեկնարկեց Լոս Անջելեսում, որտեղ անցկացվեց հանրահավաք: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Վարչապետն այցելել է Սիլիկոնյան հովիտ, որտեղ հանդիպել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի  ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]