Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». «Կյանք և ազատություն» և «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջատար. օգոստոս 19

«Երևանյան բեսթսելեր». «Կյանք և ազատություն» և «Թքած ունենալու նուրբ արվեստը» 
առաջատար. օգոստոս 19

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկի տվյալներն՝ ըստ օգոստոսի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ հեղինակի արխիվից: 

Երկրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձև անել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» երրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Չորրորդ հորիզոնականում է Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը», որը պատմում է Քըրք Քըրքորյանի կյանքի մասին: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Հինգերորդ տեղում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները» գիրքն է: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստնություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:

Վեցերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Ալան Դիբի «1-էջանոց մարքեթինգային պլան» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, այս գիրքը ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար նա ծախսել է շուրջ տասը տարի:

 Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» իններորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:

Տասներորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է,  պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. սրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ 79
2 -1

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 74
3 0

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 52
4 +2

Ուիլյամ Չ. Ռեմփել

«Խաղացողը»

Էդիթ Պրինտ 51
5 +5

Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7սովորույթները»

Էդիթ Պրինտ 39
6 +1

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 37
7 *

Ալան Դիբ

«1-Էջանոց մարքեթինգային պլան»

Էդիթ Պրինտ 34
8 -3

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ 27
9 նոր

Օգ Մանդինո

«Աշխարհի մեծագույն վաճառականը»

Էդիթ Պրինտ 25
10 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 24



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ