Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Թուրքիայի իշխանությունները սեփական կանոններն են պարտադրում Պոլսի պատրիարքի ընտրության գործընթացում

Թուրքիայի իշխանությունները սեփական կանոններն են պարտադրում Պոլսի 
պատրիարքի ընտրության գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 23-ին Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Պոլսի պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության անցկացման կանոնադրությունը: Փաստաթղթի բովանդակության հրապարակմամբ հաստատվեցին այն մտահոգությունները, որ պետությունը կարող է հերթական անգամ միջամտել եկեղեցու գործերին: Կանոնադրության մեջ պատրիարքի թեկնածուների համար սահմանվող չափորոշիչների մեջ, որոնք 6-ն են, փոփոխվել  է մի կետ, որը սահմանափակում է արտերկրից հնարավոր թեկնածուների թիվը: Այդ կետով սահմանվում է, որ թեկնածու կարող է դառնալ միայն Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա և եպիսկոպոսի աստիճան ունեցող հոգևորականը:

1961թ.-ից սկսած՝ պատրիարքական ընտրություններն անցկացվում են ՆԳՆ-ի ներկայացրած կանոնադրությանը համապատասխան, որի հիմնական դրույթները հիմնվում էին 1863թ. «Ազգային Սահմանադրության» վրա: Այս անգամ էլ ներկայացված կանոնադրությունը հիմնված է 1961թ. կանոնադրության վրա, սակայն որոշ բացառություններով, որոնցից մեկն էլ վերոնշյալ սահմանափակումն է: Սակայն, նշենք, որ 1961թ, 1990թ., 1998թ. պատրիարքական ընտրություններում մեկանգամյա կիրառության համար տրվող կանոնադրություններում նման սահմանափակում չի եղել: Ավելին, թե՛ 1961թ. ընտրված Շնորհք արք. Գալուստյանը, թե՛ 1990թ. ընտրված Գարեգին արք Գազանճյանը չեն եղել Պոլսի աթոռին ենթակա եպիսկոպոսներ:

Վերոնշյալի տրամաբանությամբ պատրիարքի թեկնածու կարող են լինել Պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը, պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Արամ արք. Աթեշյանը և Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արք. Բեկչյանը: Սակայն այս չափորոշիչներից 2-րդ կետով (Արժանանալ ԹՀ կառավարության վստահությանը) վերջինը նույնպես դուրս է մնում թեկնածուների ցանկից: Հիշեցնենք, որ 2017թ. Գարեգին Բեկչյանը տեղապահ էր ընտրվել, սակայն պետության կողմից նրա ընտրությունը չէր հաստատվել, քանի որ, ըստ կուլիսային խոսակցությունների, նա չէր վայելում պետության վստահությունը, որի պատճառներից էր Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրա ակտիվ մասնակցությունը և հայտարարությունները:

Հետևաբար, պետությունը ընտրության պատրանք է ստեղծում, իսկ իրականում հայ համայնքին պարտադրվում է 2 թեկնածու, որոնք թեև համայնքում ունեն իրենց աջակիցները, սակայն մի ստվար հատված ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին չի ցանկանում տեսնել պատրիարքի աթոռին: Բացի այն, որ համայնքն, ըստ էության, զրկվում է իրապես ընտրություն կատարելու իրավունքից, վտանգավոր նախադեպ է ստեղծվում, քանի որ մի դեպքում պետությունն ապագայում ևս  նույն կետը կիրառելով՝ կապահովի իր համար ցանկալի անձանց թեկնածությունը, իսկ մյուս դեպքում հոգևորականներ պատրաստելու հնարավորություն չունեցող պատրիարքարանը կարող է կանգնել բարձրաստիճան հոգևորական չունենալու խնդրի առջև: 

Ինչպես և նախկինում պետությունն օգտագործում է եկեղեցու սեփական գործող կանոնադրության բացակայության պայմաններում գոյություն ունեցող հակասությունները, սողանքները՝ սեփական տեսակետը պատրիարքարանին, համայնքին պարտադրելու համար, բայց միաժամանակ պատրանք ստեղծելով, որ դա բխում է հայ համայնքի և եկեղեցու կանոններից, ավանդույթներից: Այդպիսի միջամտության դեպքերը հանրապետության շրջանում անցկացված ընտրություններում ևս հայտնի են, բայց դրանք հնարավոր է եղել հաղթահարել համայնքի բոլոր խավերի ընդհանուր ջանքերով: 

Այս անգամ, սակայն, հոգևոր և աշխարհական վերնախավը, կարծես, տրամադրված է առարկայորեն չընդդիմանալ պետության միջամտությանը: Այս դիտարկումը հիմնված է կանոնադրության ստացմանը նախորդող և հաջորդող շրջանի գործընթացների և հայտարարությունների տրամաբանության վրա:

Ինչպես արդեն վերևում նշվել է, նման սցենարը կանխատեսելի էր։ Մտահոգությունների համար հիմք էին ստեղծել 2 միջադեպ. նախ տեղապահի ընտրության համար կրոնական ժողովը սահմանափակում մտցրեց թեկնածուների համար՝ արգելափակելով Բեկչյանի՝ տեղապահ դառնալու հնարավորությունը: Այդ կերպ տեղապահ կարող էին դառնալ կա՛մ Աթեշյանը, կա՛մ Մաշալյանը: Իսկ այնուհետև «Նախաձեռնակ մարմնի» ձևավորումից՝ հուլիսի 17-ից հետո հավանական թեկնածուներին չէին ուղարկվել նամակներ, որոնցով նրանք պաշտոնապես տեղեկացվում էին թեկնածու լինելու մասին։ Բանն այն է, որ ընթացակարգով նախկինում թեկնածուները տեղեկացվում էին Նախաձեռնակ մարմնի ձևավորումից հետո՝ առանց սպասելու ՆԳՆ-ից տրվող կանոնադրությանը: Իսկ այս անգամ թեկնածուներին տեղեկացնելու գործընթացը հետաձգվել էր, և պատկան  մարմիններն էլ խուսափում էին պատասխանել, թե ովքեր թեկնածու դառնալու իրավունք ունեն։

Ավելին, համայնքի վերնախավը, ընտրությունների կազմակերպմանը ներգրավված անձինք տեղյակ են եղել, որ այդ վիճահարույց կետը ներառվելու է կանոնադրության մեջ: Այդ մասին վկայում է տեղապահ Մաշալյանի՝ դեռ սեպտեմբերի 18-ին Պոլսի հայկական «Ժամանակ» թերթին տված տեղեկությունը, թե ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Պատրիարքարան Նախաձեռնարկ մարմնին հետ շփումների շրջանակում։ Տեղապահն ընդգծել էր, որ նախարարությունը Պատրիարքական ընտրության կանոնադրությունը պատրաստում է Նախաձեռնարկ մարմնի հետ համակարգված կերպով։ «Անշուշտ, կանոնադրության վերջնական ձևը պիտի տրվի նախարարության կողմից, սակայն ողջունելի է, որ մեր համայնքի տրամադրությունները շոշափելու պատրաստակամություն կա», - նշել էր Մաշալյանը։

Իսկ ահա կանոնադրության հրապարակումից հետո արված մի շարք հայտարարությունները նույնպես հիմք են տալիս մտածելու, որ վերնախավը չի ցանկանում հակառակվել պետության որոշմանը: Այսպես, Աթեշյանը թեև որոշակիորեն քննադատում էր իշխանությունների որոշումը, սակայն հայտարարության հիմնական տրամաբանությունն այն էր, որ պետք է փորձել ընտրությունները կազմակերպել առանց հետաձգումների և պետության հետ հակադրվելու:

Մաշալյանի հայտարարությունը նույնպես քննադատության տարրեր է պարունակում՝ մասնավորապես այն, որ խնդրահարույց կետը սահմանափակում է համայնքի ընտրության շրջանակը: Այնուամենայնիվ, նա նշել է, որ ինքը միայնակ չի կարող ստանձնել այդ խնդրհարույց հարցին գնահատական տալու պատասխանատվությունը՝ ընդգծելով, որ այն պետք է քննվի պատասխանատու պատկան մարմինների, հատկապես Նախաձեռնարկ Մարմնի կողմից, և նոր որոշում կայացվի: Նա հավելել է, որ ինքը որպես տեղապահ խոստանում է հարգանքով ընդունել այն, ինչ կորոշվի, և ըստ այդմ կատարել՝ ինչ անհրաժեշտ է։

Աշխարհական վերնախավին անդրադառնալով` բավարար է մեջբերել միայն համայնքի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունը: Նշենք, որ նա համարվում է համայնքի ամենաազդեցիկ գործիչներից մեկը և մտերիմ է նախագահ Էրդողանի հետ:

Շիրինօղլուն մասնավորապես նշել էր, որ պետությունն արել է իր հասանելիք գործը, և այժմ, առանց ժամանակ կորցնելու, պետք է անցնեն ընտրության իրականացմանը:

Նախաձեռնակ մարմինը դեռևս որևէ հայտարարություն չի արել, և ըստ նախնական տեղեկությունների՝ արձագանքը կլինի հաջորդ շաբաթ։ Սակայն հաշվի առնելով, այս հայտարարությունները ենթադրել է, որ Նախաձեռնակ մարմինը քննադատություններից բացի կտրուկ քայլեր չի անի։

Համայնքի վերնախավը, ըստ ամենայնի, հակված է գնալ ընտրության առանց ընդդիմանալու առաջ բերվող սահմանափակումներին:

 

Անահիտ Վեզիրյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ