Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին. ԱԳ նախարարի ելույթը

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ 
պայքարին. ԱԳ նախարարի ելույթը

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում» ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տրամադրված ելույթն ամբողջությամբ.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այսօրվա քննարկումը նախաձեռնելու համար։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը: Ահաբեկչության աղետալի հետևանքներն առավել լայն տարածում են ստացել ահաբեկչական գործողությունների հաճախակիացմանը զուգահեռ, ներառյալ գործողություններ, որոնց դրդապատճառներն են անհանդուրժողականությունը կամ ծայրահեղականությունը։

Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Միջազգային հանրությունը պետք է միավորվի և ձեռք ձեռքի տված աշխատի՝ բոլոր հարթություններում ահաբեկչությանը հակազդելու համար: Ահաբեկչությունը կամ բռնի ծայրահեղականությունը ոգեշնչողներին կամ այն իրականացնողներին, ինչպես նաև, հատկապես հակամարտության միջավայրում, ատելության հողի վրա հանցագործություն և բռնություն հրահրողներին արդարացնելու յուրաքանչյուր փորձ պետք է վճռական և միանշանակ կերպով դատապարտվի՝ բոլոր մակարդակներում:

Հայաստանը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման ջատագովը՝ անկախ աշխարհագրությունից, դրա հիմքում ընկած շարժառիթներից և դրդապատճառներից։ Մեր խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ Մենք խստորեն մտահոգված ենք այն դեպքերով, երբ մի ամբողջական համայնքներ դիտավորությամբ թիրախավորվում են միմիայն որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու պատճառով։ Մշակութային հուշարձանների նկատմամբ մանրակրկիտ ծրագրված վայրագությունները և վանդալիզմը, ինչպես նաև համաշխարհային ժառանգության մի շարք կոթողների ոչնչացումն Իրաքում և Սիրիայում հստակ օրինակներ են և մտահոգության լուրջ առիթ ողջ մարդկության համար։

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների թվում առաջիններից էր, որ դատապարտեց ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրա Ճակատի, Ալ-Քաիդայի և նրանց ճյուղավորումների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հալածանքները: Սիրիական Քեսաբ և Դեր Զոր քաղաքներում հայ բնակչության դեմ իրականացված ծանր հանցագործությունները, մշակութային և կրոնական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը և ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ահաբեկիչների կողմից իրականացված զանգվածային դաժանությունները մատնացույց արեցին, որ ահաբեկչությունն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնարար ժխտման արտահայտումն է: Հայաստանը հետևողական հանձնառություն է ցուցաբերել՝ աջակցելու ճգնաժամից տուժած շրջաններում տևական փոփոխության հաստատմանը, ինչն արտահայտվում է Սիրիայում ազգային մարդասիրական առաքելություն տեղակայմամբ` ի պատասխան Սիրիական իշխանությունների և Սիրիայի հայկական համայնքի խնդրանքին:

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին և ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային և տարածաշրջանային գործողություններում։ Մենք մեծապես արժևորում ենք գոյություն ունեցող համագործակցային հարթակները՝ ուղղված ահաբեկչության կանխման և դիմագրավման գործում մեր ազգային ջանքերի ամրապնդմանը և երկխոսության բարելավմանը։ Հայաստանը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված համապատասխան բանաձևերի համապարփակ կիրարկումը։ 

Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի Հայաստան կատարած վերջին այցն ընդգծեց մեր երկրի առաջընթացը՝ հասցեագրելու  ահաբեկչության հետ առնչություն ունեցող մարտահրավերները, այդ թվում՝ միջազգային արդյունավետ համագործակցության միջոցով։ Կոմիտեի զեկույցում ներառված առաջարկություններին հաջորդեց Հայաստանում ուղևորների տեղեկատվական արդիականացված համակարգ ստեղծելու և ներդնելու գործընթացի մեկնարկը։

Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունները կարող են առանցքային դեր ունենալ համագործակցության դյուրացման և խթանման գործում, ներառյալ լավագույն փորձի փոխանակման և ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար առավել հզոր կարողությունների հաստատման միջոցով: Մենք կարևոր տեղ ենք հատկացնում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին:

ՀՀ իրավասու մարմինները շարունակում են իրենց ներդրումն ունենալ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ ուղղված ԱՊՀ 2017-19 համագործակցության ծրագրի արդյունավետ կիրարկմանը։ Ազգային անվտանգության ծառայությունների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետևողականորեն մասնակցել են ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի  ընդհանուր համակարգմամբ իրականացված ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ Ներկա պահին Հայաստանում անցկացվում են «Արարատ հակաահաբեկչություն-2019» զորավարժության երկու եզրափակիչ փուլերը՝ ԱՊՀ անդամ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների մասնակցությամբ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների պարբերաբար անցկացվող «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» համատեղ գործողություններին, ինչպես նաև  Հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ անցկացվող ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ 

Հայաստանը հավասարապես կարևորում է իր աշխատանքը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններում, որոնց անդամ է կամ որի հետ ունի սերտ համագործակցություն։ Որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր, մենք ակնկալում ենք հետագայում ընդլայնել մեր գործընկերության օրակարգը և խթանել մեր երկխոսությունը։ Ներկայիս միջազգային օրակարգի տարածվող սպառնալիքների, մարտահրավերների և բախումների ֆոնին պետությունների համագործակցությունը ենթատարածաշրջանայինից մինչև գլոբալ մակարդակներում եղել և մնում է արդիական՝ միտված օժանդակելու ընդհանուր լուծումներին և կայուն երկխոսությանը՝ հանուն խաղաղության և անվտանգության պահպանման»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]