Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ քաղաքատեղի» արգելոցները նոր շունչ կստանան բազմաժանր միջոցառումներով

«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ քաղաքատեղի» արգելոցները նոր շունչ կստանան 
բազմաժանր միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու նպատակով սեպտեմբերի 28-ին «Ամբերդ ամրոց» արգելոցում կանցկացվի «Գրչագրությունը Ամբերդում» միջոցառումը, իսկ սեպտեմբերի 29-ին «Լոռի բերդ քաղաքատեղի» արգելոցում տեղի կունենա «Բագրատունյաց ժառանգություն» խորագրով նախաձեռնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ասաց, որ սեպտեմբերի 28-ի միջոցառումը կայանալու է «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում: «Գրչագրությունը Ամբերդում» նախաձեռնությունը փառատոնի վերածելու հույս ունենք: Նախատեսում ենք նաև ծաղրածուների փառատոն կազմակերպել այնտեղ, որովհետև Ամբերդում շատ են եղել պալատական ծաղրածուները»,-նշեց տնօրենը:

Անդրադառնալով «Բագրատունյաց ժառանգություն» միջոցառմանը` նա շեշտեց, որ այն  համընկել է  Լոռի բերդ քաղաքատեղիի հիմնադրման 999-րդ տարվան: «Մեզ  համար դա ստուգատեսային միջոցառում է, եթե այս տարի կարողանանք այն հաջող անցկացնել, կդիմենք տարբեր ՀԿ-ների, դոնոր կազմակերպությունների, որպեսզի հազարամյակը մեծ շուքով նշենք»,-ասաց Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ը պատմամշակութային հուշարձանների պահպանությունից բացի զբաղվում է նաև հուշարձանների հանրահռչակմամբ` օգտագործելով մարքեթինգային բոլոր հնարքները: Թարվերդյանի խոսքով` պատմամշակութային հուշարձանները չպետք է դիտարկել որպես քարացած վայրեր, որոնք կարևոր է տեսնել. կոլորիտային միջոցառումների, ծրագրերի իրականացման շնորհիվ դրանք կարող են նոր շունչ ստանալ:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն  Խորեն Գրիգորյանը, մանրամասնելով միջոցառումների բովանդակությունը, ընդգծեց, որ Ամբերդում նշանավորելու են Գրչագրության տոնը` փորձելով ցույց տալ գրչագրության զարգացումը: Ներկայացվելու են մեր գրերի բոլոր տեսակները:

«Բագրատունյաց ժառանգություն» միջոցառմամբ ցանկանում ենք ցույց տալ, թե ինչ մշակույթ է եղել Բագրատունիների թագավորությունում, ինչ արքունական վարք են ունեցել նրանք: Ցուցադրվելու են արքունական տարազը, միջնադարյան խոհանոցը, միջնադարյան շուկան, միջնադարյան արհեստները: Երաժշտական մասն ապահովելու են միջնադարյան երաժշտության հիմքի վրա ստեղծված ռոք համույթները` «Որդան կարմիր»-ը և «Վիշապ»-ը: Ամբողջ միջոցառումը լինելու է բեմականացված, որի մասն են դառնալու բոլոր ներկաները»,-եզրափակեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ երկու միջոցառումների մուտքն էլ ազատ է, սակայն մոտ ապագայում «Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցներն անցնելու են տոմսային համակարգի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]