Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր հարթություն հայ-ամերիկյան հարաբերություններում

Նոր հարթություն հայ-ամերիկյան հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցն սկսեց Կալիֆորնիա նահանգից՝ հագեցած հանդիպումներ ունենալով Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների, հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Կալիֆորնիայի հետ նահանգային մակարդակով երկխոսության ամրապնդումն, ըստ էության, հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հարթություն է, որն ունի նաև առանձնահատուկ կարևորություն: Նախ պետք է ընդգծել ԱՄՆ այս նահանգում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը (2017թ. պաշտոնական տվյալներով՝ շուրջ 500.000), որը կազմում է ամերիկահայության մոտ 56%-ը: Հայրենիքի հետ նման ստվարաթիվ հայկական համայնքի կապերի ամրապնդումը և Հայաստանի զարգացման գործում նրա ներգրավվածության մեծացումը կարևոր հրամայական է: Երկրորդ՝ Կալիֆորնիան 5-րդ ամենախոշոր տնտեսությունն է աշխարհում, ավելի մեծ, քան, օրինակ, Ֆրանսիան, ՄԲ-ն և Հնդկաստանը: Երրորդ՝ Կալիֆորնիան համարվում է աշխարհի տեխնոլոգիական կենտրոնը, ուր գտնվում է աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների ու հազարավոր start up-ների կենտրոնը՝ Սիլիկոնյան հովիտը: Հաշվի առնելով այս գործոնները՝ բավական կարևոր է Հայաստանի և Կալիֆորնիայի միջև կայուն գործընկերության հաստատումն, ինչը հնարավորություն կտա զարգացնել ոլորտային համագործակցությունն, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

ԱՄՆ այցի ընթացքում ՀՀ վարչապետի՝ Կալիֆորնիայում անցկացրած երկու օրը բավական լավ հնարավորություններ ստեղծեցին այդ նահանգի հետ համակողմանի համագործակցության հաստատման տեսանկյունից:  

Նախևառաջ պետք է ընդգծել, որ դա կարևոր քայլ էր ԱՄՆ հետ ոչ միայն դաշնային, այլ նաև նահանգային մակարդակով համագործակցության զարգացման տեսանկյունից: Համագործակցության այս մակարդակում Հայաստանը որոշակի հաջող փորձ ունի. ԱՄՆ Կանզաս նահանգի և Կանզասի ազգային գվարդիայի հետ արդեն  15 տարի շարունակ ռազմական ոլորտում իրականացվում է արդյունավետ փոխգործակցություն: Հաշվի առնելով Կալիֆորնիայի ներուժը՝ կարելի է ենթադրել, որ այս նահանգի հետ համագործակցության լուրջ հեռանկարներ են առկա, մասնավորապես տնտեսական ոլորտում:

Կալիֆորնիա-Հայաստան համագործակցության հաստատումն ամրագրվել է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ և ինստիտուցիոնալ կապերի հաստատմամբ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի այցի շրջանակներում կնքվել են մի շարք հուշագրեր՝ Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի միջև, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև:  Սիլիկոնյան հովիտում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումներից հետո Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայ բարեգործական ընդհանուր միության  միջև: Ստորագրված փաստաթղթերը բավական լավ հնարավորություններ են ստեղծում Հայաստան-Կալիֆորնիա տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հաստատման և ընդլայնման համար, ինչը բավական կարևոր է տնտեսական հեղափոխության փուլ թևակոխած Հայաստանի համար:  

Երկկողմ համագործակցության հաստատման տեսանկյունից թերևս ամենաառանցքային իրադարձությունը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից Կալիֆորնիա-Հայաստան տնտեսական համագործակցության և զարգացման խթանման, համատեղ հետազոտության և զարգացման դյուրացման, գործարար հարաբերությունների և կրթական հնարավորությունների ընդլայնման նպատակների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն էր: Այս շրջանակային համաձայնագիրը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստան-Կալիֆորնիա հարաբերությունները, դրանից բխող հնարավորություններով:

Հայաստան-Կալիֆորնիա հարաբերությունների զարգացման հարցում առանցքային դերակատարում ունի նաև ստվարաթիվ հայկական համայնքն՝ իր համայնքային կառույցներով և ավանդական կուսակցություններով: Անհրաժեշտ է ընդգծել, որ հայ համայնքի կողմից վարչապետի այցը բավական սպասված էր, ինչի մասին վկայեց Լոս Անջելեսում կայացած բազմահազարանոց հանրահավաքը, որին ներկա էին նաև ամերիկացի կոնգրեսականներ, պետական այլ պաշտոնյաներ:

Կարևոր էր նաև վարչապետի հանդիպումները տեղի հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց շրջանակներում քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համահայկականությանը և համազգային օրակարգին առնչվող հարցեր:

Ընդհանուր առմամբ, ՀՀ վարչապետի Կալիֆորնիա երկօրյա այցը կարելի է գնահատել բավական արդյունավետ:  Թե՛ տարբեր ձևաչափով հանդիպումները և ծավալված երկխոսությունը, թե՛ ստորագրված նոր փաստաթղթերը կարևոր նախադրյալներ են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ընդլայնելու, քաղաքական կապերի ամրապնդման և փոխըմբռնման մակարդակի բարձրացման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Գոհար Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am