Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

ՀՀ-ն դեսպանատուն է բացում Իսրայելում՝ հետամուտ լինելով արտաքին առաջնահերթությունների իրականացմանը

ՀՀ-ն դեսպանատուն է բացում Իսրայելում՝ հետամուտ լինելով արտաքին 
առաջնահերթությունների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետամուտ է լինում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների արդյունավետ իրականացմանը: Ընդամենը վերջերս Հայաստանում կայացած դեսպանահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ, և այս տեսանկյունից կարևորվեց Մերձավոր Արևելքում (այդ թվում նաև Ծոցի երկրներում) և Աֆրիկյան մայրցամաքում Հայաստանի գերակայությունների առաջմղումը:

Եվ ահա, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իսրայելում դեսպանատուն բացելու մասին: Եվ թեև Հայաստանի կողմից դեսպանատան բացումը չի ենթադրում փոխադարձաբար Երևանում Իսրայելի դեսպանատան բացում, այնուամենայնիվ, միանշանակ է, որ Իսրայելում (Թել Ավիվում) դեսպանատան բացումը կխթանի նաև Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման գործընթացը:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի որոշումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով.

  • Հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Հայ-իսրայելական օրակարգն, իրականում, կարող է հարստացվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և ռազմական համագործակցության հետ կապված հարցերով: Եվ դրա համար առկա է բավական լավ հիմք. Հայաստանը բազմադարյա ներկայություն ունի Երուսաղեմում, և մեր շահերի պաշտպանության հետամուտ լինելը բխում է մեր առաջնահերթություններից:
  • Իսրայելի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների խորացմանը մեծապես նպաստող գործոն կարող է հանդիսանալ նաև Իսրայել-ԵԱՏՄ Ազատ առևտրի համաձայնագրի կնքումը, որի շուրջ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ:
  • Իսրայելը կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է Մերձավոր Արևելքում և հսկայական ազդեցություն ունի տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա: Հետևաբար, Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը նպաստելու է այս տարածաշրջանում ՀՀ քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը: Հայաստանը, գտնվելով Մերձավոր Արևելքի անմիջական հարևանությամբ և ունենալով ակտիվ համայնքներ, չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ այս տարածաշրջանում ընթացող զարգացումներից:
  • Վերջին տարիներին զգալի զարգացում է ապրել Իսրայել-Կիպրոս-Հունաստան ձևաչափը ինչպես տնտեսական (հատկապես էներգետիկ ոլորտում), այնպես էլ ռազմական ոլորտներում: Եվ հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հունաստանի և Կիպրոսի հետ, կարելի է ենթադրել, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը կնպաստի նաև այս ձևաչափով համագործակցության խթանմանը:
  • Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեծ թափով զարգանում են Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես, ռազմական ոլորտում: Հայաստանը բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել այս փաստի վերաբերյալ: Եվ հիմա Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել այս մարտահրավերին դիմագրավելու համար:

 

Իհարկե, հայ-իսրայելական երկկողմ հարաբերություններում առկա են նաև մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Բայց Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչելու հարցը չի դիտարկում իբրև նախապայման Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման համար՝ հստակ գիտակցելով, որ «աշխարհաքաղաքական նկրտումները շատ հաճախ բախվում են բարոյական արժեքներին»:

Հատկանշական է, որ, միևնույն ժամանակ, Հայաստանը որոշում է կայացրել նաև Եթովպիայում դեսպանատան բացման մասին: Հայաստանի արտաքին քաղաքականության համար աֆրիկյան մայրցամաքն, ընդհանուր առմամբ, նոր ուղղություն է համարվում, որը կարելի է գնահատել նաև բավական հեռանկարային: Եվ այս ուղղությամբ Եթովպիայի հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր նախաձեռնություն է՝ հաշվի առնելով այդ երկրի տնտեսական ներուժը, ինչպես հայ-եթովպական պատմական կապերը:

Ամփոփելով՝ նշենք, որ մերձավորարևելյան և աֆրիկյան տարածաշրջանում ընթացող սրընթաց զարգացումները Հայաստանից ճկունություն և նախաձեռնողականություն են պահանջում: Եվ Իսրայելում ու Եթովպիայում դեսպանատների բացումը ծառայում է այս հրամայականի կյանքի կոչմանը:

Արփինե Հովսեփյան

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ