Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Ապրիլ

Փաշինյանի լոսանջելեսյան մեսիջները համահայկականության սկզբունքի գործնական դրսևորումն են

Փաշինյանի լոսանջելեսյան մեսիջները համահայկականության սկզբունքի գործնական 
դրսևորումն են

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեսպանահավաքի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հռչակեց ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնցից մեկը համահայկականությունն է։ Գաղափարը կար նաև նախկինում՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության տեսքով։  Հատկանշական է, որ վերջին ամիսներին ևս ականատես ենք եղել համահայկականության սկզբունքի որոշ գործնական դրսևորումների, ինչպիսիք են Հայաստանի և Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը և այլն։

Ազգային միասնության ամրապնդման տեսանկյունից բավական կարևոր նախաձեռնություն է ՀՀ վարչապետի հանդիպումները հայկական համայնքների հետ և համահայկական օրակարգի գերակայությունների հստակեցմանն ուղղված քննարկումները: Այդպիսի հանդիպումներ են եղել Իրանում, Գերմանիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:

Նմանատիպ կարևոր նախաձեռնություն կարելի է համարել նաև վարչապետ Փաշինյանի՝ Կալիֆորնիա կատարած այցը, որտեղ կենտրոնացած է հայկական ամենախոշոր համայնքներից մեկը՝ տարբեր աղբյուրների համաձայն՝ մոտ 800 հազարից 1 միլիոն։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև համայնքի պատմության մեջ աննախադեպ միջոցառում՝ Գրանդ Փարկի հանրահավաքը, որի մասնակիցների թիվն, ըստ տարբեր աղբյուրների, հասնում էր 18-20 հազարի:

Հանրահավաքի և հայկական համայնքի կառույցների ու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հնչեցին կարևոր մեսիջներ, որոնք ուղղված էին համահայկականության սկզբունքի կյանքի կոչմանը: Այս սկզբունքի հիմնական խնդիրն է հասնել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հայության շրջանում առաջացած արհեստական բաժանարար գծերի վերացման, ինչպես նաև ազգային ներուժի բացահայտման և դրա արդյունավետ իրացման, Հայաստանի և Արցախի զարգացման գործի շուրջ հայության համախմբման։

Այս առումով առաջին հերթին կարևոր է Հայրենիք-Սփյուռք համագործակցության խթանման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորումը։ Նման մթնոլորտի ստեղծման համար կարող է հիմք հանդիսանալ Թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո սփյուռքահայության շրջանում առաջացած ոգևորությունը և հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, որը ոչ միայն մինչ օրս չի մարել, այլև շարունակում է աճել։ Հարաբերությունների զարգացման միջավայրի փոփոխությունը պետք է այդ հարաբերությունները նոր բովանդակությամբ լցնելու հնարավորություն ընձեռի։

Երկրորդ, անհրաժեշտ է փոխել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տրամաբանությունըՀՀ անկախացումից ի վեր՝ այդ հարաբերություններն ապրել են որոշակի էվոլյուցիա. անկախության առաջին տարիներին գերակա էր Հայաստանին հումանիտար օգնության տրամադրման խնդիրը, ավելի ուշ՝ զարգացման (ենթակառուցվածքային) ծրագրերի իրականացումը:  Այժմ ժամանակն է, որ այդ համագործակցությունը բարձրանա որակապես այլ մակարդակ, մասնավորապես Սփյուռքը լայնորեն ներգրավվի Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ առաջնորդվելով «հարստանալու և հարստացնելու» բանաձևով: Այս առումով պակաս կարևոր չէ նաև Սփյուռքի մասնակցության ապահովումը նաև Հայաստանի ներքին կյանքին. ներկայումս քննարկվում են տարբեր հայեցակարգեր, սակայն լիարժեք մասնակցության համար շատ կարևոր է հայկական Սփյուռքի ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունումը, Հայաստանում թեկուզ ժամանակավոր բնակության հաստատումը և այլն:

Այս համատեքստում առաջանում է ևս մեկ կարևոր օրակարգային հարց․ Հայաստանը և հայկականությունը սփյուռքահայության համար ավելի գրավիչ դարձնելու խնդիրը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և հայ լինելու բրենդավորումը։ Սա կարևոր է նաև Հայաստանից և հայկական Սփյուռքից հայերի արտագաղթի կանխման և հայկական ինքնության պահպանման ու զարգացման տեսանկյունից։

Ամփոփելով, նշենք, որ չափազանց կարևոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հռչակված համահայկականության սկզբունքի գործնական կիրառման համար մշակվի հստակ ճանապարհային քարտեզ, ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ և ձևաչափեր, որոնք թույլ կտան Սփյուռքի հետ հարաբերություններին հաղորդել նոր որակ՝ դրանք հասցնելով փոխլրացնող համագործակցության։

Վարդուհի Հարությունյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ