Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Թվային գյուղատնտեսությունից մինչև կենդանիների ապահովագրում. ոլորտում նորամուծությունները շատ են

Թվային գյուղատնտեսությունից մինչև կենդանիների ապահովագրում. ոլորտում 
նորամուծությունները շատ են

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերով շահառուների թիվը գերազանցել է նախատեսվածը: Պետությունը պլանավորում է փոփոխություններ կատարել այն ծրագրերում, որոնցից օգտվելիս գյուղացիների համար խոչընդոտներ են առաջացել, մասնավորապես այն ծրագրերում, որոնցով սուբսիդավորվող վարկերի համար անհրաժեշտ է գրավ: Նախատեսվում է նաև շուտով արդեն սկսել գյուղատնտեսության ապահովագրությունը: «Արմենպրես»-ը գյուղատնտեսության ոլորտում իրականացված և սպասվելիք ծրագրերի մասին խոսել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանի հետ:

-Պարոն Քամալյան, շատերը մտավախություն ունեին, որ մեկ նախարարությունում մի քանի ոլորտների միավորումը կբերի դրանցից ինչ-որ մեկի տուժելուն: Հիմա, երբ արդեն գործում եք միավորված, արդյունքներն ինչպիսի՞ն են:

-Այս պահին արդյունքների մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ ոլորտների միաձուլումը նոր է ավարտվել, արդյունքների մասին կարող են խոսել մեկ, երկու տարուց: Սակայն, այստեղ այդքան կարեւոր չէ կառուցվածքը, ինչքան բովանդակությունը, եւ մասնավորապես կադրային քաղաքականությունը: Շատ բարդ կլինի արդյունավետ զարգացնել գյուղատնտեսությունը, եթե չլինեն որակյալ մասնագետներ, որոնք տիրապետում են գյուղատնտեսությանը, նոր տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ ձեռնարկատիրական եւ գործառնական հմտություններին:

-Վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում որպես գյուղատնտեսության ոլորտի կարևոր փաստ էր նշել ջերմոցային պայմաններում աճեցված գյուղմթերքի արտահանման ահռելի աճը: Ինչո՞վ է պայմանավորված արտահանման այդ աճը, ի՞նչն է խթան հանդիսացել, և  ո՞ր երկրներն են արտահանման հիմնական շուկաները:

-Գյուղատնտեսության զարգացումը պահանջում է ներթափանցել նոր արտաքին շուկաներ, եւ ավելացնել թիրախային շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը: Հայաստանի ներքին շուկան փոքր է, հետեւաբար, գյուղատնտեսության ոլորտը պետք է ուղղված լինի արտահանմանը: Այս պահին, գյուղմթերքի համար հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, հիմնականում Ռուսաստանը, որտեղ արտահանվում է գյուղմթերքի շուրջ ութսուն տոկոսը: Հետեւաբար, ջերմոցային տնտեսությունների ավելացումը, եւ արտահանման ծավալների մեծացումը պայմանավորված է այս շուկաներում մեր մրցակցային դիրքերի ամրապնդմամբ:

Այժմ մենք նախատեսում ենք խթանել փոքր և միջին ջերմային տնտեսությունների զարգացումը, մոտ ժամանակներս կառավարություն է ներկայացվելու նոր ծրագիր` ջերմատնային տնտեսությունների զարգացման մասին:

-Արտահանման առումով առհասարակ ի՞նչ միտումներ ունենք, գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են այս առումով առավել նպաստավոր:

-Արտահանման կառուցվածքում գերակշռում է պտուղ-բանջարեղենը: Այս տարի հիմնականում արտահանվել են ծիրան, դեղձ, կեռաս, լոլիկ, վարունգ և այլն: Օրինակ, համաձայն օպերատիվ տվյալների` սեպտեմբերի 16-ի դրությամբ արտահանվել է 5,700 տոննա վարունգ՝ նախորդ տարվա ցուցանիշը այն գերազանցել է 2.7 անգամ, ձմերուկի արտահանումը ևս այս տարի եղել է 3 անգամ ավելի շատ` 650 տոննա, արտահանվել է 784 տոննա ելակ, որը 2.8 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Արտահանման հիմնական աշխարհագրությունը ԵԱՏՄ անդամ պետություններն են: Արտահանման աճի հիմնական շարժիչ ուժերն են՝ ԵԱՏՄ երկրների միջեւ ապրանքների ազատ եւ առանց մաքսատուրքերի կամ այլ խոչընդոտների առեւտուրը, մեր արտադրանքը գնային առումով մրցակցային է մյուս երկրների համեմատ եւ Հայաստանում արտադրված պտուղ բանջարեղենը ունի գերազանց որակական եւ համային ցուցանիշներ:

-Կաթիլային ոռոգվող հողատարածքների թիվը ևս զգալիորեն ավելացել է: Պետությունն այս ուղղությամբ վարկերի հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր էր իրականացում, արդյոք դա՞ է նպաստել ավելացմանը, ծրագրի հետ կապված ի՞նչ պլաններ կան առաջիկայում:

-Ցավոք, կարծում եմ, որ պետական այդ ծրագիրը չի նպաստել դրան, այդ իսկ պատճառով մենք այժմ վերանայում ենք այն: Մարդիկ շատ չեն օգտվել ծրագրից տարբեր պատճառներով: Մենք հավաքագրել ենք այդ  խնդիրները և շուտով կառավարությունում շրջանառելու ենք նորացված տարբերակը: Օրինակ, ինտենսիվ այգիների հիմնման ծրագրից օգտվելու համար գյուղացիները պետք է ունենան մեծ գրավի առարկա: Այս պատճառով, նախատեսում ենք փոփոխություններ. փոքր տնտեսությունների՝ մինչև 5 հա այգիների համար փոխհատուցումն ավելացնել, իսկ մեծ տնտեսություններին թույլատրել օգտվել սուբսիդավորվող վարկերից, որոնք այս պահին ծրագրից չեն կարող օգտվել: Այս փոփոխությունները, կնպաստեն շահառուների թվի ավելացմանը:

Այգեգործության զարգացման ուղղությամբ գործում են երեք ծրագրեր` կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման և ինտենսիվ այգիների պետական օժանդակության: Մենք նախատեսում ենք երեք ծրագրերը միացնել: Ծրագրից օգտվելն ավելի պարզ եւ դյուրին է լինելու, եւ պետական օժանդակությունը լինելու է ոչ միայն ֆինանսական, այլեւ կունենա հմտությունների զարգացման բաղադրիչ: Կհավաքենք այն ֆերմերներին, որոնք ուզում են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ և խիստ մասնագիտական, բարձր որակի ուսուցում կստանան: Որոշ մասնագետներ, անհրաժեշտության դեպքում, կհրավիրվեն արտերկրից:

-Պարոն Քամալյան, այս տարի ոլորտում ի՞նչ կարևոր ծրագրեր են եղել:

-Վերջին մի քանի ամիսների ընթացքում նախարարությունը մշակում է կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն 2020-2030 թթ.: Այն կազմված է 88 միջոցառումներից: Առաջին երեք տարվա համար նախատեսել ենք մոտ 23 միջոցառում: Ընթացիկ եւ գալիք տարվա համար առանցքային է հողային բարեփոխումը: Հողային բարեփոխման պիլոտային ծրագիրը կմեկնարկի Արմավիրի մարզից: Երկրորդը կենդանիների հաշվառումն ու համարակալումն է, երրորդը` բրուցելոզի դեմ պայքարը:

Իրականացնելու ենք ևս մի քանի պիլոտային ծրագրեր` մասնավորապես շուկայի զարգացման և լոգիստիկ կենտրոնների կառուցման մասին: Բոլոր ծրագրերը հիմնականում օգտագործելու են նոր տեխնոլոգիաներ: Ունենք նաեւ «Խելացի ֆերմա» ծրագիրը եւ ջերմոցների ու ջերմատների զարգացման ծրագիրը: Մեր ռազմավարության մեջ կա առանձին հատված, որը կոչվում է նորարական տեխնոլոգիաների և թվային գյուղատնտեսության զարգացում: Այդ առաջնահերթության մեջ մենք ունենք մոտ 15 միջոցառում, որ պետք է իրականացվի մոտակա մի քանի տարիների ընթացքում:

-Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մասին շատ էր խոսվում, ի՞նչ փուլում է այն:

-Պլանավորում էինք ծրագիրը մեկնարկել սեպտեմբերի 30-ին: Այն կսկսվի պիլոտային ծրագրից, հանրապետության վեց մարզերում` Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց ձոր, Տավուշ և Կոտայք: Սկսելու ենք ծիրանից և խաղողից, իրականացնելու ենք երկու ռիսկի ապահովագրում` կարկուտ և ցրտահարություն: Առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո մեկնարկելու է ապահովագրության ծրագրի երկրորդ փուլը: Երկրորդ, երրորդ փուլերում պլանավորում ենք, որ ապահովագրվող մշակաբույսերի և մարզերի թիվը ավելանա:

-Պարոն Քամալյան խոսվում էր նաև ոչխարաբուծության զարգացման մասին, ծրագրի իրականացումն ի՞նչ փուլում է, և ինչո՞ւ է մեզ համար այս ուղղությունը կարևոր:

-Ոչխարաբուծության զարգացումը ունի մեծ ներուժ, հաշվի առնելով Իրանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական գառան մսի եւ կենդանի ոչխարների նկատմամբ բարձր պահանջարկը:

Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք մեր երկրում բարելավել ոչխարների տոհմային եւ ցեղային հատկանիշները: Ծրագրի արդյունքում կկարողանանք ավելի մատչելի գներով ներմուծել տոհմային կենդանիներ: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսում ենք ստեղծել երկու տոհմաբուծարան: Այժմ համաշխարհային բանկի հետ բանակցություններ ենք վարում այս ուղղությամբ: Երկու տոհմաբուծարաններից մեկը նախատեսում ենք կառուցել Ազգային ագրարային համալսարանի, մյուսը կարող է լինել Գյումրու սելեկցիոն կայանի բազայի հիման վրա: Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք կնվազեցնենք տոհմային կենդանիների ներկրումը:

Հայաստանից արտահանման համար հիմնական թիրախը Իրանն է, Իրաքը, Քուվեյթը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Այստեղ առկան են որոշակի բնապահպանական ռիսկեր, որոնք այս պահին գնահատված են ցածր: Այս պահին ունենք մոտ 1 մլն հա արոտավայրեր, 600 հազարից ավելի ոչխարների գլխաքանակ: Եվ եթե կարողանանք կայուն կառավարել արոտավայրերը, խնդիրներ չեն լինի:

-Տավարաբուծության զարգացման ծրագրով ի՞նչ արդյունքներ են գրանցվել այս տարի:

-Մի քանի ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել շուրջ 200 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Դեռ վաղ է խոսել ծրագրի հաջողության մասին: Ծրագիրն ունի նմանատիպ խնդիրներ, որոնք առկա են նաեւ սուբսիդավորվող տոկոսներով վարկային ծրագրերում: Գյուղացիական տնտեսությունները, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, շատ են, սակայն գյուղացիները չունեն բավարար գրավի առարկա: Եվ այդ դեպքում բանկերը չեն համաձայնում վարկ տրամադրել: Մենք հիմա աշխատում ենք այս ուղղությամբ, որ մշակվի նաեւ կենդանիների ապահովագրումը: Հոկտեմբերի վերջերին մենք ունենալու ենք հերթական քննարկումը KFW-ի և մյուս գործընկերների ու շահառուների հետ: Հույս ունեմ, որ համաձայնության կգանք, և մյուս տարվանից կմեկնարկի կենդանիների ապահովագրումը: Ամենամեծ խնդիրն է, որ կենդանիները պետք է հաշվառված և համարակալված լինեն:

-Պարոն Քամալյան, պետական աջակցության ծրագրերով որքա՞ն շահառուներ ունենք:

-Մենք պլանավորել էինք տարեկան գրանցել 4700 շահառու սուբսիդավորվող վարկերի ծրագրով, 7 ամսվա տվյալներով արդեն իսկ ունենք գերակատարում՝  5100 շահառու, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրով տարեկան պետք է ունենայինք 130 միավոր տեխնիկա, այս պահին ունենք 300-ից ավելի, փոքր ու միջին խելացի անասնաշենքերի կառուցման աջակցության ծրագրով նախատեսում էինք 30 անասնաշենք, այս պահին հավաստագրվել են, եւ համալսարանում դասընթացներն արդեն անցել են ու մասնակցել են 90-ից ավելի մարդ: Սակայն այն ծրագրերը, որոնք կապված են գրավի առարկա ունենալու հետ, բավարար ընթացքով չեն իրականացվում: Սակայն, ինչպես արդեն ասացի, մենք պատրասվում ենք փոփոխություններ կատարել, եւ այդ իսկ պատճառով ուսումնասիրում ենք ՓՄՁ ԶԱԿ-ի փորձը:

-Իսկ հակակարկտային կայաններն ավելացնելու ծրագրեր նախատեսվո՞ւմ են արդյոք առաջիկայում:

-Այո, կան նաեւ նման ծրագրեր, քանի որ, ես հավատացած եմ, որ գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է նաեւ ֆիզիկական պաշտպանության միջոցառումների արդյունավետությամբ: Մենք ունենք մի քանի առաջարկներ, հակակարկտային համակարգի արդիականացման վերաբերյալ, ու դա նշված է մեր ռազմավարության եռամյա առաջնահերթությունների մեջ: Այժմ քննարկում ենք, եւ պատրաստում ենք առաջարկներ, որոնք կքննարկենք համապատասխան գերատեսչությունների հետ և կսկսենք իրականացնել: Ծախսերն ավելի քիչ են, համեմատ այն վնասի, որը մենք կրում ենք կարկուտից:

-Եվ վերջում, պարոն Քամալյան, խաղողի մթերման շրջանն է, ի՞նչ խնդիրներ ու միտումներ կան այս տարի:

-Ես այցելել եմ Արարատի կոնյակի գործարանի Արմավիրի մթերման կենտրոն, եւ հաճախ հանդիպում եմ վերամշակող ձեռնարկությունների հետ: Այս պահին խնդիրներ չեմ տեսնում: Մթերման միջին գինը կազմում է շուրջ 150-155 դրամ: Խաղողի որակը ըստ օպերատիվ տվյալների շատ ավելի բարձր է, քան նախորդ տարի, սակայն քանակը զիջում է  անցյալ տարվա ցուցանիշներին: Սեպտեմբերի 17-ի դրությամբ մթերվել է 54 հազար տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 42 հազար տոննա:

Աննա Գրիգորյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ