Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 23-ին  ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի կայուն ֆինանսական հատվածի կառուցմանը, էներգետիկ համակարգի, ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև երկրի մրցունակության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրգեն Ռիգտերինկը նշել է, որ Հայաստանը տպավորիչ վերափոխումների միջով է անցնում և իրենք պատրաստ են աջակցել երկրին էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու գործում: Այս համատեքստում վերջինս վերհիշել է նաև սեպտեմբերի 20-ին «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկը, որի մասնակիցներից մեկն է ՎԶԵԲ-ը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ երկրի նոր՝ 2019-2024 թթ. ռազմավարությանը, որը ՎԶԵԲ խորհրդի նիստում հաստատման կդրվի նոյեմբերի վերջին: Քննարկվել են ռազմավարության համագործակցության առաջնահերթությունները, երկուստեք ընդգծվել է ծրագրերի իրականացման գործում դինամիկ գործելաոճը:

Փոխվարչապետ Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ Բանկի ներդրումային փաթեթի մեծ մասը կենտրոնացած է մասնավոր հատվածում, ինչը ոչ միայն դաշտում ֆինանսների պակասը մեղմող  կարևոր աղբյուր է, այլև նպաստում է կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության առաջադեմ մշակույթի առաջխաղացմանը:

Զրուցակիցները քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ճանապարհային ու ջրային ենթակառուցվածքների, ինտենսիվ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, հանրային տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա ծրագրերին և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորություններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]