Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարևորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլև այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը: Ըստ փոխվարչապետի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, և առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարևորությունը: 

ՎԶԵԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, շնորհավորել է Կառավարությանը վերջին տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների առիթով՝ մասնավորապես շեշտելով ժողովրդի կողմից շոշափելի հաջողությունների կարևորությունը: Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու այս բոլոր հաջողությունների և նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի և դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]