Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հանդիսավորությամբ նշվեցին Վարդենիս քաղաքի հիմնադրման 190, Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձները

Հանդիսավորությամբ նշվեցին Վարդենիս քաղաքի հիմնադրման 190, Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձները

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչները շուքով նշեցին քաղաքի հիմնադրման 190 եւ Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձերը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ տոնակատարությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր: Հանդես գալով  բացման եւ ողջույնի  խոսքով՝ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշեց, որ 190 տարի առաջ Արեւմտյան Հայաստանի Դիադին բնակավայրից գաղթած ու Սեւանա լճի ափին հաստատված հայ ընտանիքները կերտել են այսօրվա Վարդենիսը, որը դարձել է Հայաստանի Հանրապետության ծաղկուն ու մարդաշատ համայնքներից մեկը: Իր շնորհավորանքի խոսքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց վարդենիսցիներին, որ համայնքում կուտակված սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, որոնք քայլ առ քայլ կկարգավորվեն առաջիկա տարիների ընթացքում: «Բոլորիդ շնորհավորում եմ քաղաքի հիմնադրման 190 եւ Վարդենիսի հերոսամարտի 100-րդ տարեդարձների կապակցությամբ, մաղթում խաղաղություն, երջանկություն ու հաջողություններ: Հայրենի կառավարությունը լինելու է հետեւողական, որպեսզի Վարդենիսն առաջիկա տարիներին ծաղկի ու զարգանա, գրանցի աճ ու տնտեսական ձեռքբերումներ: Կառավարությունը Վարդենիսում հաստատել էր սուբվենցիոն 11 ծրագիր, սակայն դրանց որոշ մասն այս տարի չի իրականանա, քանի որ Վարդենիսի համայնքապետարանն իր բյուջեում չուներ ծրագրի ներդրման իր մասնաբաժին գումարները: Որպեսզի եկող տարում նման խնդիրներ չառաջանան ու ներկայացված ծրագրերը ֆինանսավորվեն ամբողջապես, անհրաժեշտ է, որ դուք լրիվ հավաքեք սեփական եկամուտները, գտնեք նոր միջոցներ: Այդուհանդերձ, այս տարվա ընթացքում Վարդենիսում կիրականացվի սուբվենցիոն ծրագրերի մի մասը, որոնք զգալի ձեռքբերում կլինեն քաղաքի համար»,- նշեց մարզպետը:

Այնուհետև միջոցառման մասնակիցներն այցելեցին Վարդենիսի սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Վարդենիսի հաշմանդամ երեխաների կնունքի արարողությանը, որը նախաձեռնել էին քաղաքի բարերարները եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը:

Վարդենիսի կենտրոնական հրապարակով հանդիսավոր երթով անցան ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զինվորները: Միջոցառման մասնակիցներն այցելեցին նաեւ Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ այժմ ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվում են հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ: Մեծ գիտնականի հուշարձանին ծաղկեպսակ դրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը: «Շատ շուտով ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անունը կրող զբոսայգին կունենա միանգամայն բարվոք ու շքեղ տեսք»,- վստահեցրեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Տոնական միջոցառումները շարունակվեցին Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում: Պատվավոր հյուրերը եւ միջոցառման մասնակիցները շրջեցին զբոսայգուն հարակից փողոցում տեղադրված տաղավարներում՝ դիտելով քաղաքի կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքները, ունկնդրելով գեղարվեստական կատարումները եւ համտեսելով վարդենիսյան խոհանոցին յուրահատուկ կերակրատեսակները: Համայնքին մատուցած ծառայությունների համար համայնքի ավագանու որոշմամբ Վարդենիսի պատվավոր քաղաքացի կոչումներ շնորհվեցին «Կամրջակ» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Գորիսին եւ Վարդենիսի զինվորական հոսպիտալի տնօրեն Նվեր Հովհաննիսյանին:

Քաղաքի զարգացման մեջ ավանդ ունենալու համար Վարդենիսի համայնքապետի շնորհակալագրով պարգեւատրվեցին Վարդենիսի նախկին քաղաքապետներ Վոլոդյա Խլոյանը եւ Վարդան Բարսեղյանը, հանրային կյանքի տարբեր ոլորտներում աչքի ընկած տասնյակ վարդենիսցիներ: Պարգեւները հանձնեց համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը: Միջոցառումները եզրափակվեցին Վարդենիսի մշակույթի տան եւ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ինքնագործ խմբերի ուժերով տրված համերգային ծրագրով ու տոնական հրավառությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]