Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առիթով

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության 
տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի պարոն Հանրապետության նախագահ,

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաեւ հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն:

Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ, հիմնված պատմական կապերի, ընդհանուր հիշողության եւ տեսլականի վրա: Այդ հարաբերությունները հարուստ են հնարավորություններով, որ մեր պարտքն է զարգացնել:

Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:

Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում: Դրանով մենք կնպաստենք Ձեր երկրի երիտասարդության կրթությանը և կօգնենք Հայաստանին իր տեղն ամրապնդելու ֆրանկոֆոն ընտանիքում, ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի Երևանյան 17-րդ գագաթաժողովի հաջողության:

Պարոն նախագահ, կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության:

Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]