1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման հարցի վրա, որն այսպես թե այնպես տեղի է ունենալու.ԱԳ նախարար

Կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման հարցի վրա, որն այսպես թե այնպես 
տեղի է ունենալու.ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ԱՄՆ-ի հետ ունի երկխոսության օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանին, տարածաշրջանի անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող շարունակական աջակցությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե երբ է սպասվում ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մակարդակով հանդիպում:

«Մենք հիմա կենտրոնացել ենք գալիք հանդիպման վրա, դրանից հետո կկարողանանք տեսնել հաջորդ քայլը: Շատ էական է այս փուլն անցնեք, հետո կծրագրենք: Հիմա, որ ասեմ, թե մենք անմիջապես տեսնում ենք հաջորդ քայլը ղեկավարների մակարդակով հանդիպման, մի քիչ շտապողականություն կլինի: Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման հարցի վրա, որը այսպես թե այնպես տեղի է ունենալու: Բայց նորից եմ ուզում ընդգծել, որ ԱՄՆ-ի հետ մենք ունենք երկխոսության շատ ծավալուն օրակարգ»,-ասաց Մնացականյան ու նկատեց՝ պետք է ուղղակի դատել, թե ինչ մակարդակով և ինչ հաճախականությամբ են հանդիպում, թե ռազմավարական երկխոսության ինչ հարթակ ստեղծեցին և թե ինչ մակարդակով է դա արվում:

Նա նշեց՝ վերջերս եղել է մեկ այց պաշտպանության գծով, Նյու Յորքում ևս մեկ հանդիպում է ունենալու բարձրաստիճան մակարդակով։ «Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է»,-ասաց Մնացականյանն ու շեշտեց՝ ԱՄՆ-ն մեզ համար շատ կարևոր գործընկեր է:

Նախարարը նշեց՝ ԱՄՆ-ի հետ ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, տարածաշրջանի անվտանգությանը, երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ի  կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը: Նա վստահությամբ նշեց, որ ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը և՛ քաղաքական, և՛  ֆինանսական առումով շատ կարևոր է ու մեծ նշանակություն ունի: «Կա նաև գլոբալ բնույթի օրակարգեր: ԱՄՆ-ն մի երկիր է, որը գլոբալ դերակատարություն ունի, կենտրոններից մեկն է, որի հետ մենք այդ երկխոսությունն ունենք: Եվ սա մեզ համար շատ գոհացուցիչ է»,-ասաց նախարարը:

Մնացականյանը նշեց՝ մեր յուրաքանչյուր գործընկերոջ  հետ ունենք ինչ-որ հարցեր, որը շատ բնական է: Նախարարը նկատեց՝ ամենակարևորն է կարողանալ գտնել  այն լուծումները և առաջ տանել այն կարևորը, որը վերաբերում է Հայաստանի համար հիմնական գործընկերների հետ աշխատելուն ու պահպանելուն այն, ինչը կոչվում է Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության  համապարփակություն: «Այդ առումով մենք բավարարված ենք երկխոսությամբ, հետևողականությամբ: Եվ բոլոր առումներով մենք դեֆիցիտ չունենք հասցնելու և քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ համար առաջնային են»,-ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]