1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավարտվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի այցն Իտալիա

Ավարտվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 
նախագահի այցն Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-18-ը Իտալիայի Սենատի արտաքին գործերի եւ արտագաղթի կոմիտեի նախագահ Վիտո Պետրոչելիի հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ՝ Իտալիայի խորհրդարանում մի շարք հանդիպումների մասնակցելու նպատակով: Իտալիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում սեպտեմբերի 17-ին Ռուբեն Ռուբինյանը եւ Մարիա Կարապետյանը հանդիպել են Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի եւ անդամների, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի եւ նույն բաժնի անդամների հետ:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը Պատգամավորների պալատի իր գործընկերոջը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացները, խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթություններն ու գերակայությունները՝ այս համատեքստում ընդգծելով Իտալիայի խորհրդարանի՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի օրենսդիր մարմնի հետ առավել սերտ փոխգործակցության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Պատգամավորների պալատի կողմից ընդունված որոշումը, ինչը կարեւոր ներդրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, այս համատեքստում ընդգծել Իտալիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը:

Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը հրավիրել է իր գործընկերոջը աշխատանքային այցով լինել Հայաստանում:

Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 18-ին հանդիպել է նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:  Կողմերն անդրադարձել են Հայաստանում կայացած  ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-իտալական հարաբերությունների օրակարգային հարցերին: Ռուբեն Ռուբինյանը Սենատի իր գործընկերներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա զարգացումները: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սենատի իր գործընկերոջ հետ՝ վերջինիս Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի եւ ՆԱՏՕ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ֆրուզոնե Լուկայի հետ: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը՝ առաջնային համարելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]