Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից

«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային հայտնի բրենդերի կողքին ընկերության կողմից պատրաստված 3 և 5 տարեկան կոնյակները վաստակել են 90 միավոր, իսկ 7 տարեկանը՝ 93:

International Wine & Spirit Competition-ն ունի 50 տարվա պատմություն: Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ոլորտի 400-ից ավելի մասնագետներից շուրջ 30 երկրներից: Ըստ մրցույթի գնահատման սանդղակի՝ արծաթե մեդալի արժանացած կոնյակը բնորոշվում է որպես բացառիկ հավասարակշռությամբ ու համահոտային նրբերանգների բարդությամբ խմիչք, որ նկատելիորեն առանձնանում է մրցակիցներից։ «Արմենիա Վայն» ընկերության ֆրանսիացի կոնյակագործ Օլիվե Շապտը նշում է, որ նման գնահատականն անչափ ուրախացնող է, բայց միևնույն ժամանակ նաև պարտավորեցնող:

«Նման մեդալները մեծ նշանակություն ունեն բոլորիս համար, քանի որ շատ կարևոր է իմանալ, որ աշխատանքդ գնահատվում է։ Իհարկե, այս մեդալների նվաճումը հեշտությամբ չի տրվել։ Դրա հետևում կանգնած է բարդ ու երկար աշխատանք»,- նշում է կոնյակագործը: Նա վստահեցնում է, որ ընկերությունը շարունակելու է նոր բարձունքներ գրավել ու Հայաստանի անունը հնչեցնել աշխարհով մեկ:

Օլիվե Շապտի խոսքով՝ «Արմենիա Վայն» ընկերության կոնյակի բարձր որակը պայմանավորված է ինչպես  հայաստանյան կլիմայով, հողով ու ջրով, խաղողի սորտով, այնպես էլ խմիչքի պատրաստման ֆրանսիական տեխնոլոգիայով և նորագույն սարքավորումների կիրառմամբ: Կոնյակը հնեցվում է բարձրորակ տակառներում՝ պատրաստված ֆրանսիական կաղնուց, իսկ թորման արտադրամասը հագեցած է գերժամանակակից ֆրանսիական սարքավորումներով:

Մրցանակակիր կոնյակը դեռևս ներկայացված չէ հայկական շուկայում: Ընկերությունը նախատեսում է այն տեղական և միջազգային շուկա դուրս բերել գալիք տարվա սկզբում: Օլիվե Շապտը նշում է, որ հատկապես 3-ամյա կոնյակը սիրելի կդառնա երիտասարդության շրջանում, քանի որ այն թեթև է և կարելի է խմել երեկույթների ժամանակ:

Կոնյակն ինչքան երկար է հնեցվում, այնքան բարդ կառուցվածք և նոր համահոտային նրբերանգներ է ձեռք բերում: Օլիվե Շապտն ասում է, որ թեև լավագույն պահը կոնյակը փորձելն է, սակայն նախ և առաջ պետք է բույրն զգալ:

«Կոնյակի բույրն առնելիս սկսում ես ճանապարհորդել դրա նրբերանգների միջով՝ տարբեր մրգեր՝ թարմ և չոր, կաղնու փայտ, հետո նաև վանիլ, շոկոլադ, երբեմն սուրճ։ Շնչում ես բույրը, նորից շնչում, և այդ պահին միայն մեկ բան ես ցանկանում՝ փորձել խմիչքը»,- ասում է Օլիվիե Շապտն ու համտեսում կոնյակը։

Հավելենք նաև, որ ավելի վաղ «Արմենիա Վայն»-ի 4 գինիներ Գերմանիայում՝ «Berliner Wein Trophy» մրցույթում, հերթական անգամ արժանացել են ոսկե և արծաթե մեդալների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ