Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Նվաճումներ՝ նեոնատալ խնամքի որակի բարելավման ոլորտում

Նվաճումներ՝ նեոնատալ խնամքի որակի բարելավման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան (ՆԲՀԱ) հանրությանն է ներկայացրել  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացրած ծրագրի արդյունքները, որը մեկնարկել է 2015 թվականին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի շրջանակներում նորածինների խնամք իրականացնողները ձեռք են բերել ժամանակակից գիտելիքներ և հմտություններ, տրամադրվել է խորհրդատվություն, կազմակերպվել են ստուգայցեր:

 «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը զգալիորեն աջակցել է նորածնային առողջապահական ծառայությունների որակի բարելավման գործընթացին: Շատ ենք կարևորում ՆԲՀԱ-ի և պետական մարմինների՝ ի դեմս ՀՀ ԱՆ, մարզային կառույցների և պետական այլ մարմինների հետ սերտ և արդյունավետ համագործակցությունը, որը տեղի է ունեցել ծրագրի իրականացման ընթացքում», - նշել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

«Նորածինների մահացածության մակարդակը նվազման միտում ունի»,- ասել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը:  Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019 թվականի դրությամբ նորածնային մահացության մակարդակը Հայաստանում նվազել է 19-20 տոկոսով վերջին չորս տարվա տվյալների համեմատ: Մահացության մակարդակի իջեցումն այն առանցքային նպատակներից էր, որին հետամուտ էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ խնամքի ծառայությունների որակի բարելավում» ծրագիրը:

«Մեծ գոհունակությամբ և շնորհակալական զգացումներով եմ տոնում Ձեզ հետ մեր չորս տարվա համագործակցության ձեռքբերումները: Սա համագործակցություն է, որի նպատակն է փրկելու նորածինների կյանքերը, երջանկություն պարգևելու նրանց ծնողներին և, իհարկե, երաշխավորելու Հայաստանի ապագա սերունդների առողջությունն ու ապրելու իրավունքը։  Մենք շատ հպարտ ենք, որ մասնակցել ենք այս անչափ կարևոր ծրագրի իրագործմանը։ Սա այն նախաձեռնություններից է, որի միջոցով Ամերիկայի ժողովուրդն իր հոգատարությունն է արտահայտում Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ», -ընդգծել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորահ Գրիզերը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող բուժհաստատությունների աշխատանքում առկա փոփոխություններին, ծանոթացել վերանայված պետական նեոնատալ չափորոշիչներին:

Ջանալով ուժեղացնել ընտանիքակենտրոն խնամքը՝ ծրագրի ուշադրության կենտրոնում էր նեոնատալ խնամքի համակարգի կարողությունները հանրային առողջապահության համակարգին համապատասխան դարձնելը:  Ելույթ ունեցողներն ընդգծում էին շահագրգիռ կողմերի համախմբման կարևորությունը:

Միջոցառմանը մասնակցում էին առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայկական ակնաբուժական նախագծի ներկայացուցիչները, ՆԲՀԱ գործընկերները, ինչպես նաև մասնագետներ նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող հիվանդանոցներից, տեղական ու միջազգային կազմակերպություններից, որոնք զբաղվում են Հայաստանում մոր և մանկան առողջության հարցերով:

Կլինիկական ուղեցույցները և նեոնատալ խնամքի չափորոշիչները, որոնք արժանացել են առողջապահության նախարարության հավանությանը, տարածվում են Հայաստանի բոլոր շրջանների նեոնատալ բուժանձնակազմերի, ինչպես նաև առողջապահության ոլորտի այն աշխատակիցների շրջանում, որոնք արդեն դասընթացներն ավարտել են:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ