«Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրությունների պատասխանատու, «Հայաստան» ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական մշակույթն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ցուցադրությունների պատասխանատու, «Հայաստան» ցուցահանդեսի համակարգող Հելեն Էվանսին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում