Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» -ն առաջին հորիզոնականում է. մանկական. օգոստոս, 2019

«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ» -ն առաջին հորիզոնականում է. 
մանկական. օգոստոս, 2019

եՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Երկրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Երրորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդություններն անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների և միահյուսելով իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Չորրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Հինգերորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղենով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են դասականի ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

Յոթերորդ հորիզոնականում է Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

Ութերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներն» են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Իններորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մի անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Բլեքը ինչ-որ կերպ ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Տասներորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»  գիրքը: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 * «Հայկական հեքիաթներ» GSM 54
2 *

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
GSM 54
3 0

Ջաննի Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Զանգակ 50
4 -2

Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»
Զանգակ 49
5 *

Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները»
Զանգակ 41
6 *

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Արևիկ 36
7 *

Ա. Կոնան Դոյլ «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են»
Անդրանիկ 27
8 *

Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ»
Արևիկ 25
9 -5

Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»

Զանգակ 25
10 -1

Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում»
Զանգակ 20



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ