Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չի լսվել. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովին

Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չի լսվել. ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ ՍԾՏՀ ԽՎ 
հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ղեկավարությունն ընդգծում է, որ կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չի լսվել: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը՝ ելույթու ունենալով սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է.

«Հարգարժան գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին:

Արդյունավետ եւ գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար:

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից, եւ հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:

Վստահ եմ, որ մենք ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո:

Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն եւ մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցության ձեւաչափերին:

Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ, կարծում եմ, ներկաների մեծ մասը կուզենային Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սեւծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջեւ արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի եւ քարոզչության վայր:

Հարգելի գործընկերներ, կուզենայի անդրադառնալ Բաքվում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի հիսուներեքերորդ լիագումար նստաշրջանի նիստի ընթացքում Էլգար Գուլիեւի կողմից արված հայտարարությանը:

Պարոն Գուլիեւը, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության եւ քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաեւ հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի եւս մեկ փորձ է` Հայաստանի եւ Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար:

Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը՝ որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ:

Անիմաստ է նաեւ խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ:

Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիեւը ցանկանում է  ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաեւ Մարաղա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետեւանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում՝ Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայերի:

Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետեւում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ նույնիսկ մայրաքաղաք Երեւանի գրավումը:

Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջեւ երկխոսությանը:

Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը:

Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաեւ վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը:

Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման եւ խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ գործակցությունը կլինի արգասաբեր»։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ