Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) հիմնադրվել է Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի 9.09.1919 թ. №439 օրենքով՝ կազմավորվելով Կովկասի հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանի առաջին տնօրենը հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանն էր:

Թանգարանի առաքելությունը Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումն է:

Շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության և վավերագրերի բաժիններով և տալիս է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

1948 թվականից ՀՊԹ-ն հրատարակում է հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը նվիրված գիտական աշխատություններ, հնագիտական պեղումների զեկույցներ:

 

Դիմերես` նմուշներ ՀՊԹ հավաքածուից` «Խմբաքանդակ` մարտակառքով» (Ք.ա.XV-XIV դդ., Լոռի բերդ, բրոնզ, № 2728-12),«Քարայծի արձանիկ» (Ք.ա.XIII-XII դդ., Արթիկ, բրոնզ, № 2173-553), «Քառանիվ կառք» (Ք.ա.XV-XIV դդ., Լճաշեն, փայտ, № 2009-609), «Կաշվե ոտնաման» (Ք.ա.XXXVI դ., Արենի-1 քարանձավային համալիր, տեղամաս 3, Պղնձաքարի դար, № 3194), «Զարդաթիթեղ առյուծի պատկերով» (Ք.ա.VII դ., Կարմիր բլուր, բրոնզ, № 2783-193):

Դարձերես` ՀՊԹ շենքը (ճարտարապետներ` Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան) և պատկերանիշը, հայկական զարդանախշ:

 

Անվանական արժեքը         1000 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 9250

Քաշը                               33,6 գ

Տրամագիծը                      40,0 մմ

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                   ատամնավոր

Տպաքանակը                    500 հատ

Թողարկման տարեթիվը     2019

 

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Ծանուցում

 

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]