Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տավուշն իրենց աչքերում կպահեն ու կտավին կփոխանցեն 18 երկրի նկարիչներ. բացվել է միջազգային սիմպոզիում

Տավուշն իրենց աչքերում կպահեն ու կտավին կփոխանցեն 18 երկրի նկարիչներ. բացվել 
է միջազգային սիմպոզիում

ՀԱՂԱՐԾԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ևս 17 երկրի 30 նկարիչ կբացահայտի մեր երկիրն ու արվեստի գործ կստեղծի՝ ոգեշնչվելով Տավուշի բնությամբ, հայկական մշակույթով: Սեպտեմբերի 17-27-ն անցկացվող «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային գեղարվեստական սիմպոզիումը տարբեր երկրներից ժամանած արվեստագետների ստեղծագործական պոռթկումների հարթակը կլինի: Սիմպոզիումին մասնակցող արվեստագետները, ովքեր Բալկանյան, Բալթյան երկրներից, Ասիայից, Աֆրիկայից, ԱՄՆ-ից են, կապրեն ու կստեղծագործեն Հաղարծին վանական համալիրին կից` Վանատուն հյուրատանը:

Սեպտեմբերի 18-ին վանական համալիրի տարածքում կայացավ սիմպոզիումի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ու այլ հյուրեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիմպոզիումի մասնակիցներին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ նրանք հյուրընկալվել են ոչ թե Հայաստանի մարզերից մեկում, այլ մի գողտրիկ աշխարհում, Տավուշ աշխարհում: «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել աշխարհի տարբեր կողմից Հայաստան եկած մասնակիցներին, այս սիմպոզիումը կոչվում է «Տավուշն աշխարհի աչքերով», բայց ես այն կանվանեի նաև «Տավուշն աշխարհի աչքերում», քանի որ վստահ եմ` դուք ոչ միայն այն կտեսնեք ու կբացահայտեք, այլ կկրեք ձեր մեջ»,-ասաց Սրբազան հայրը՝ հիշեցնելով, որ Հայաստանը հրաշալի է, Տավուշը՝ բացառիկ:

Նկարչական սիմպոզիումի գլխավոր համակարգող Արմինե Թումանյանի խոսքով՝ միջոցառման նպատակը Տավուշի գեղեցիկ բնությունն ու միջավայրը տարբեր երկրների նկարիչների կողմից ներկայացնելն է: Սերբիայում, Մոլդովայում, Լիտվայում, Իսրայելում Հայաստանը տարբեր ձևաչափերով ներկայացնելուց զատ Արմինե Թումանյանը մտքում ուներ նաև նմանատիպ միջոցառում կազմակերպելու գաղափարը: «Ես ուզում էի, որ իմ կոլեգա և ընկեր նկարիչները տարբեր երկրներից գային ու ներկայացնեին Տավուշի գեղեցիկ բնությունը: Նրանք արդեն շատ սիրել էին Հայաստանը, քանի որ հասցրել էի մի քանի երկրում ներկայացնել այն: Մեր երկրի հանդեպ սերը փորձել եմ սերմանել հենց այնտեղ»,-ասաց Արմինե Թումանյանը:

Սիմպոզիումի ծրագիրը սկսվել է Երևանի թանգարաններ այցելություններով և մայրաքաղաքի գեղեցիկ պուրակներում զբոսանքներով։ Նախատեսվում է շրջագայություն դեպի Սևանա լիճ և Դիլիջանի պատկերասրահներ։ Երրորդը կլինի այցելությունը Տավուշի մարզի հիմնական տուրիստական վայրեր՝ Ենոքավան՝ «Ապագա ռեզորտ» և Yell Extreme park: Սիմպոզիումի աշխատանքային օրերին կանցկացվեն ավանդական պարերի և երգարվեստի երեկոներ, որպեսզի նկարիչները հաղորդակից դառնան հայկական մշակույթին:

«Տասն օրվա ընթացքում մի քանի ուղղություններով ճամփորդելու ծրագիր ունենք, էքսկուրսիաների տանել նկարիչներին, որ էլ ավելի սիրահարվեն Հայաստանին: Սա ոչ միայն տավուշյան միջոցառում է, նաև՝ հայաստանյան: Երևանում արդեն այցելել ենք Փարաջանովի և Սարյանի թանգարանները: Նրանք ոգևորված ու սիրահարված են մեր երկրին, մեծ մասը այստեղ չեն եղել, շատերը նույնիսկ չէին սպասում, որ Հայաստանն այս մակարդակի է, չգիտեմ ինչու է այդպես: Պոտենցիալ ունենք, որ վերջում նրանց կդարձնենք Հայաստանի պատվիրակներն իրենց երկրներում, վստահ ենք, որ այդ սերն իրենք կտանեն իրենց երկրներ ու կպատմեն թե Հայաստանի, թե Տավուշի մասին»,-եզրափակեց Արմինե Թումանյանը:

Նորվեգացի նկարչուհի Մարիաննե Վոլերն առաջին անգամ է Հայաստանում, բայց առաջին մասնակցությունը չի նմանատիպ սիմպոզիումի: «Եղել եմ Գերմանիայում, Սերբիայում, որտեղ էլ հանդիպեցի Արմինեին: Բացի այդ, աշխարհի այս հատվածում՝ «հեռավոր Արևելքում», երբեք չէի եղել ու շատ ցանկանում էի այցելել: Արմինեն շատ լավ ներկայացում ունեցավ Հայաստանի մասին, այն շատ գեղեցիկ էր ինձ համար, ու ես ոգևորված էի գալու այստեղ: Երբ հրավեր ստացա, մեծ ուրախությամբ համաձայնեցի»: Նկարչուհու խոսքով՝ իրեն ոգեշնչել է միջոցառման բացման արարողության ժամանակ ներկայացված ֆոլկ արվեստը՝ երգ, երաժշտություն, պար: «Համերգի ժամանակ մտածում էի մեկ նկարում փորձել համատեղել Հայաստանն ու Նորվեգիան` գուցե ազգային հագուստների, լեռների ներկայացմամբ, քանի որ մենք էլ ունենք բարձր լեռներ ծովերի երկայնքով»,-նշեց նա:

Էտկո Տուտտան` Սլովենիայից, շատ ուրախ է գտնվել այստեղ՝ բացահայտելու աշխարհի նոր անկյունը, ծանոթանալու նոր մշակույթի, մի քանի օր ապրելու գեղեցիկ միջավայրում: «Կարծում եմ՝ սա դրական ազդեցություն կունենա ինձ վրա, իմ աշխարհայացքի վրա: Ես շատ եմ ճամփորդել, բայց առաջին այցս է Հայաստան: Ես երբեք նախապես չեմ պլանավորում, թե ինչ եմ նկարելու, մտքերն իրենք իրենց գալիս են ու այդ ձևով ես կարողանում եմ ներդնել իմ զգացողությունները, որոնք ստանում եմ բնությունից, տարբեր մարդկանցից»,-ասաց հիմնականում աբստրակտ ոճում ստեղծագործող նկարիչը:

Հայաստանցի ստեղծագործող Գայ Ղանզանչյանը ևս սիմպոզիումի մասնակիցներից է, ով միջոցառումից ակնկալում է լավ ու հիշարժան օրեր, մասնակիցների հետ լավ փոխհարաբերություններ սիմպոզիումից հետո: «Տավուշն այն կետերից է, որտեղ կարելի է անվերջ ստեղծագործել` ցանկացած եղանակի, բնությունն արդեն իսկ ներշնչում է ստեղծագործելու: Պետք է շրջեմ, հասկանամ՝ որ դիտակետն է ամենահարմարն ինձ համար, պատրաստվում եմ էտյուդներ անել»,-ասաց Գայ Ղազանչյանը:

Սիմպոզիումի ավարտը կնշանավորվի ցուցահանդեսով, որը տեղի կունենա Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում՝ սեպտեմբերի 27-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]