Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Կառավարությունը հավանություն տվեց Իսրայելում դեսպանություն բացելու նախագծին. այն կլինի Թել Ավիվում

Կառավարությունը հավանություն տվեց Իսրայելում դեսպանություն բացելու 
նախագծին. այն կլինի Թել Ավիվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նախագծին: Դեսպանության նստավայրը կլինի Թել Ավիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումը կարևորվում է հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով: Դեսպանությանը բացումը նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ):    

«Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաեւ պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեսպանության բացումը կտևի որոշ ժամանակ: «Ես կխուսափեմ որոշակի ժամկետ նշելուց, որովհետև այստեղ կա մյուս կողմը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք Իսրայելն իր հերթին մտադիր է դեսպանություն բացել Հայաստանում, ԱԳ նախարարը պատասխանեց: «Դա մեր երկխոսության օրակարգում է: Մենք մեր քայլերը չենք պայմանավորելու Իսրայելի կողմից ՀՀ-ում դեսպանություն բացելու հանգամանքով, բայց դա եղել և մնում է մեր օրակարգում: Մեր ներկայությունն Իսրայելում կամրապնդի մեր փաստարկները ու մեր բարձրացրած հարցը, որ մենք ևս այստեղ ունենաք դեսպանություն Իսրայելի»

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռեւս 1992թ. ապրիլին:     

Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում շփումները:

Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երեւան:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ