Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ 
նախարար Էդգարս Ռինկևիչսին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Մնացականյանը վստահություն է հայտնել, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:

«Գործընկերները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը և Լիտվան կիսում են համագործակցության դրական փորձառություն և շարունակելու են համատեղ ջանքերը՝ երկկողմ օրակարգն ավելի հարստացնելու ուղղությամբ: 

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում երկու երկրների կողմից ձևավորված փորձի և այդ ոլորտի անմիջական դերակատարների համար փոխգործակցության հարթակների ստեղծման հեռանկարների շուրջ: 

Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով դատաիրավական ոլորտի բարեփոխումները:  

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն արժևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ինչպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու, այնպես էլ Հայաստանում մեկնարկած բարեփոխումների գործընթացը խթանելու համատեքստում: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և բարձր գնահատեց այդ գործընթացի շջանակներում Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով

Այցի շրջանակներում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն այցելեցին և ծաղիկներ զետեղեցին Ազատության հուշարձանին:

Արտգործնախարարն այցելեց Լատվիայի ազգային գրադարան։ Շրջայցի ավարտին  ՀՀ ԱԳ նախարարը Հայտնի մարդկանց գրապահոցին նվիրեց հայ ձեռագիր մատյաններին նվիրված «Մատենադարան» գիրքը»,- նշված է հաղորդագրության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]