Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տասնյակ տարիներ չվերանորոգված ճանապարհները նոր շունչ են ստանում. փոխնախարարի հարցազրույցը

Տասնյակ տարիներ չվերանորոգված ճանապարհները նոր շունչ են ստանում. 
փոխնախարարի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում նորոգված ու հիմնանորոգված կլինի 330 կմ ճանապարհ: Հիմնանորոգվում են ճանապարհներ, որտեղ 30 տարուց ավելի աշխատանքներ չեն կատարվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում աշխատանքների վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:  

-Պարոն Բադալյան, վերջին տվյալներով ընթացիկ տարվա ծրագրերով ճանապարհահատվածների 62.7 կիլոմետրի շինարարությունն ավարտված է, 307 կիլոմետրինն ընթացքի մեջ է: Ի՞նչ ուղղություններով են աշխատանքներն իրականացվում, ո՞ր մարզերն են ընդգրկված:

-Ճանապարհաշինարարական աշխատանքներն ընթանում են բոլոր մարզերում, գրեթե բոլոր ուղղություններով: Դրանում ներառում են ոչ միայն միջպետական և հանրապետական, այլև տեղական նշանակության ճանապարհները: Այժմ կառանձնացնեմ գլխավոր մի քանի ուղղություններ: Կնշեմ Մ2 ճանապարհը, որը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհն է: Այս հատվածում վերջին տասը տարիներին շատ չնչին միջամտություն է արվել: Այդ ուղղությամբ 82 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է, ընտրված են ամենաանբարեկարգ հատվածները:

Մյուսը դեպի Բագրատաշեն ճանապարհահատվածն է: Մասնավորապես, Սևանի ճանապարհի՝ մինչև թունել տանող հատվածում իրականացվել են աշխատանքներ, նորոգվել է Դիլիջան-Հաղարծին, ինչպես նաև Հաղարծին- Հովք հատվածը: Այստեղ աշխատանքներն սկսվել էին անցած տարի, սակայն որոշակի թերություններ էին ի հայտ եկել, կապալառուն իր միջոցների հաշվին դրանք վերացրել է: Այս պահին իրականացվում են Իջևանի ներսում ճանապարհաշինարարական աշխատանքներ: Իջևանից հետո ևս ունենք 7 կմ հատված, որտեղ նորոգման աշխատանքներ են կատարվելու:

Լայն թափով իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ Իջևան-Նոյեմբերյան հատվածում՝ շուրջ 35 կմ երկարությամբ: Մյուս տարի մի փոքր աշխատանք ունենք Իջևանի օղակաձև հանգույցում, Դիլիջանի ոլորանների վրա և այլն:

 Բաղանիսում ունենք շատ կարևոր հատված՝ մոտ 1 կմ երկարությամբ, որը բարեկարգվում է:

Այլ կարևոր ուղղություններից կառանձնացնեմ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 20 կիլոմետրը, որն այս տարի հիմնանորոգում ենք: Դրանից բացի, Մ3 ճանապարհը, որը Մարգարա Վանաձոր-Տաշիր Վրաստանի սահման 35-40 կմ հատվածն է, Մ7-ը՝ Գորիս-Վանաձոր ճանապարհը:  Շատ կարելի է նշել, ինչպես տեսնում եք, լայնածավալ աշխատանքներ են կատարվում տարբեր ուղղություններով: Այստեղ մի հանգամանքի մասին կցանկանայի խոսել. տնտեսագետներից մեկն ասում էր, թե կապիտալ ծախսերը մի փոքր ուշացել են, և դա պայմանավորում է ճանապարհաշինարարական խոշոր ծրագրերով: Կուզենամ նշել, որ պետբյուջեով կապիտալ ծախսերը կազմում են շուրջ 200 մլրդ, իսկ ճանապարհաշինության ոլորտը 23 մլրդ է, այսինքն՝ ընդհանուրի 11 տոկոսը: Այնպես, որ ընդհանուր կապիտալ ծախսերի դանդաղ ընթացքը կապել միայն ճանապարհաշինության հետ, ճիշտ չէ:

-Ի՞նչ ճանապարհներ կառանձնացնեք, որոնք տասնյակ տարիներ շարունակ չեն հիմնանորոգվել:

- Իհարկե, ունենք բազմաթիվ տեղական ճանապարհներ, որոնք չեն հիմնանորոգվել 30 տարուց ավելի: Այսինքն՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ հատվածներում որևէ աշխատանք չի կատարվել: Հանրապետական և միջպետական ճանապարհների դեպքում կան հատվածներ, որտեղ տարիներ շարունակ աշխատանք չի կատարվել: Օրինակ, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը, որի 5.7 կմ հատվածը՝ չհասած Ամասիա, երկար ժամանակ չի ասֆալտապատվել: Մյուսը՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Ծափաթաղի հատվածը՝ 12.5 կմ, երբևէ չի ունեցել ասֆալտբետոնե ծածկ: Այս հատվածը կառուցելով՝ մենք Սևանի շուրջն ունենում ենք ամբողջական ասֆալտապատ տարածք: Թեպետ կան այլ հատվածներ, որոնք վերանայման կարիք ունեն, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Մեր նպատակն է Սևանի շուրջ ունենալ ամբողջական ասֆալտապատ հատված:

-Տարին ի՞նչ արդյունքներով ենք փակելու:

-Մեր առջև դրված էր թիրախ 330 կմ ճանապարհ հիմնանորոգել, միջին նորոգել: Մենք վստահ ենք, որ այս ցուցանիշը կապահովենք: Ի դեպ, այս ցուցանիշը վերաբերում է միայն ավտոմոբիլային ճանապարհների ոլորտին: Մենք ունենք համայնքային սուբվենցիոն ծրագրեր, որոնք հաշվարկված չեն 330-ի մեջ: Նաև 70 կմ-ի չափ կունենանք ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքները մեկնարկած կլինեն տարվա վերջ, սակայն ավարտը կլինի 2020 թվականին:

-Ճանապարհների որակին անդրադառնանք: Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում աշխատանքների նկատմամբ, որքա՞ն կծառայեն այդ ճանապարհները:

-Նախ հստակեցնեմ պատասխանատվությունների շրջանակը: Առաջին պատասխանատուն կապալառուն է, որից հետո ունենք տեխնիկական վերահսկող կազմակերպություններ, պատվիրատու, որը վերահսկում է և՛ շինարարի, և՛ տեխնիկական վերահսկողի աշխատանքները: Որակյալ արդյունք ունենալու համար մենք մեր վերահսկողությունն ուժեղացրել ենք: Իհարկե, բացառել, որ որևէ թերություն չի առաջանա, հնարավոր չէ, քանի որ աշխատանքի մասշտաբները մեծ են, սակայն աշխատում ենք հասցնել նվազագույնի: Այս ընթացքում խնդիրներ եղել են անորակ աշխատանքի հետ կապված դեռ անցած տարի: Երբ բարձրաձայնեցինք, դրանից հետո գրեթե նման իրավիճակ չի եղել, մյուս կապալառուներն ավելի զգոն են դարձել: Այստեղ մի հարցի մասին կցանկանայի խոսել: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 25 տոկոս բեռնատարները գերբեռնված են անցնում, քան թույլատրվում է: Դա նշանակում է ավելի արագ են քայքայվում ճանապարհները, քան պետք է ծառայեն: Այստեղ նույնպես անելիք ունենք, վերահսկողությունը խստացվելու է և այդ վարորդները տուգանվելու են:

-Վարչապետը սեպտեմբերի 16-ին Վանաձորում հրավիրված ասուլիսում նշեց, որ Հայաստանում փաստացի ամբողջ ճանապարհաշինարարական ներուժը զբաղված է: Լինում են դեպքեր, երբ ճանապարհաշինարարական աշխատանքների համար մրցույթներ են անցկացվում, սակայն մասնակցող չի լինում: Ի՞նչ լուծումներ եք առաջարկում նման դեպքերում:

-Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Վերջերս ունեցանք մրցույթներ, որտեղ մասնակիցներ չեղան: Մենք կազմակերպեցինք քննարկում խոշոր կապալառուների հետ, հորդորեցինք, որ որոշ աշխատանքներ վերցնեն և իրականացնեն: Կառավարության որոշմամբ պայմանագիր կնքվեց: Ինչ վերաբերում է ներուժին, այո, այսօր դա մեծ խնդիր է: Կապալառուների թվաքանակի, տեխնիկայի առումով կարող ենք ասել, որ բավարար քանակությամբ ունենք, սակայն մասնագետների, կադրերի առումով խնդիր կա: Այն ոչ միայն կապալառուների անձնակազմում է, այլև նախագծային կազմակերպություններում, տեխնիկական հսկողության և նույնիսկ պատվիրատուի մոտ: Վերջերս հանդիպում ունեցա Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դասախոսական կազմի հետ: Պարզվեց ինժեներական ֆակուլտետներ շատ քիչ դիմորդներ են լինում: Օրինակ, տրանսպորտի ֆակուլտետ 4-5 դիմորդ է եղել, այնինչ՝ 20 տարի առաջ 100-ն էին: Լրջագույն կադրային խնդիր ունենք:

-Նշվեց, որ հաջորդ տարի 500 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են նախատեսված: Կոչ էր արվում մեր հայրենակիցներին գալ Հայաստան, ներգրավվել աշխատանքներում՝ հաշվի առնելով ներուժի պակասը: Ի՞նչ ծրագրեր կան այս ուղղությամբ:

-Իհարկե, այդ ուղղությամբ ևս աշխատանք տարվելու է, որպեսզի ոչ միայն մեր հայրենակիցներին ներգրավենք աշխատանքներում, այլև օտարերկրյա կապալառու ընկերություններին: Ասեմ, որ հիմա էլ օտարերկրյա ընկերություններ աշխատում են Հայաստանում, մասնավորապես, չինական, ռուսական, իտալական կազմակերպություններ:

-Անդրադառնանք «Հյուսիս-հարավ» ծրագրին: Ներկայում ի՞նչ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում ի՞նչ է նախատեսված:

-Ինչպես գիտեք Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին հատվածի կապալառուի հետ պայմանագիրը խզել ենք: Այդ կազմակերպությունն այս տարվա սկզբում դիմել էր արբիտրաժ: Մենք այժմ պատասխան հայց ենք պատրաստում և դիմելու ենք արբիտրաժ: Դա չի նշանակում, որ այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածի աշխատանքը դադարեցվելու է: Իհարկե ոչ:  Մենք ներկայում քննարկումներ ենք անցկացնում Ասիական զարգացման բանկի հետ, այս պահի դրությամբ մի քանի տարբերակ է դիտարկվում: Տարբերակներից մեկը տեղական կապալառուների միջոցով այդ աշխատանքներն իրականացնելն է: Հաջորդ տարբերակը նոր մրցույթ անցկացնելն է: Կարծում եմ՝ լավագույն տարբերակը ենթաբաժիններ սահմանելն է և տեղական կապալառուների միջոցով աշխատանքներ իրականացնելն է: Ինչ վերաբերում է Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածին, ապա այստեղ աշխատանքներն ընթանում են բավական լայն տեմպով:

Առաջիկա անելիքների մասին՝ Գյումրիի շրջանցիկ հատվածում նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչ վերաբերում է հարավային ուղղությանը, ապա այնտեղ ունենք Քաջարան Ագարակ հատվածը, որտեղ մեկնարկել են նախագծային աշխատանքները: Սիսիան Քաջարան հատվածի հետ կապված էլ աշխատում ենք միջազգային բանկերի հետ՝ դրամաշնորհ և վարկ համատեքստում: Ասեմ, որ ունենք լուրջ առաջընթաց: Ամենայն հավանականությամբ գարնանը կունենանք վերջնական համաձայնություն:

Աննա Գզիրյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]