Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեր, վրեժ, արդարություն. «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն առաջիկայում կբարձրանա մեծ էկրան  

Սեր, վրեժ, արդարություն. «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն առաջիկայում 
կբարձրանա մեծ էկրան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական կինոնկարը, որը ներկայացնում է 1991-1992 թվականներին զենք վերցրած և Արցախում ազատագրական պայքար մղած հայ մարդու սխրանքները, հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան: Ֆիլմում կարմիր թելի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է հանուն պատմական արդարության:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոնկարի գլխավոր հերոսուհուն` Սոնային մարմնավորած դերասանուհի Նարինե Գրիգորյանն ասաց, որ մեծ սիրով է աշխատել ֆիլմում:

«Ֆիլմի ստեղծման գաղափարի հեղինակ Շավարշ Վարդանյանը պատերազմը սեփական աչքերով է տեսել: Նա օպերատոր է և բացառիկ վավերագրական կադրեր ունի այդ իրադարձություններից: Սցենարը չափազանց կենդանի է»,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով իր կերտած կերպարին` դերասանուհին խոստովանեց, որ հիմնականում բարի, նուրբ կանանց է մարմնավորել, իսկ Սոնայի կերպարն իր համար նոր էր: «Հերոսուհին պատերազմում կորցնում է երեխաներին ու ամուսնուն: Նա լցվում է թշնամու հանդեպ վրեժխնդրությամբ ու սպանում է անգամ գերիներին: Սոնան իրականում եղել է, և Շավարշը ճանաչել է նրան»,-պատմեց Նարինեն ու հավելեց, որ համագործակցել է հոգեբանների հետ, որպեսզի լավ պատկերացնի Սոնայի հոգեվիճակը:

Նա շեշտեց, որ նկարահանումներից մեծ բավականություն է ստացել: «Հիշում եմ, երբ փոքր էի, ինձ դուր էին գալիս զինված մարդիկ: Պապիկիս հրացանն եմ հիշում, որը շատ ծանր էր. զարմանալի էր, որ տարիներ անց ես զենք վերցրեցի ձեռքս: Հետաքրքիր և հաճելի էր կրակել սովորելը»,-անկեղծացավ Գրիգորյանը:

Դերասանուհին համաձայնվեց այն դիտարկման հետ, որ Արցախին շատ ռեժիսորներ են անդրադառնում և  նշեց, որ թեման քնեցնել պետք չէ: «Երկու օր առաջ Բելառուսում ռուսերենով խաղում էի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»  մոնոներկայացումը, որը նույնպես արցախյան թեմային է վերաբերում: Բելառուսները հուզված էին, լաց էին լինում ու հարցնում, թե ինչո՞ւ ոչինչ չգիտեն այդ տարիների իրողությունների մասին: Դա փաստում է, որ ամեն հնարավոր դեպքում մենք պետք է անդրադառնանք այդ թեմային. միևնույն է, յուրաքանչյուր ֆիլմ իր հանդիսատեսն ունի, իր փառատոնն ունի»,-եզրափակեց Նարինե Գրիգորյանը:

 Ֆիլմում միահյուսվում են գլխավոր հերոսների՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները: 1991 թվականին բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Նարինե Գրիգորյանը, Ժակին մեծ տարիքում՝ ռուս անվանի դերասան Բորիս Խվոշնյանսկին:

 Ակամա հայտնվելով երկու ազգերի բախման կիզակետում՝ ֆրանսիացին իր փրկությունը գտնում է Սոնայի մեջ: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել անդառնալի կորստի համար, իսկ Ժակի առաքելությունը` փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլև վիրավոր հոգին։

Միասին հաղթահարելով բազում փորձություններ` նրանք փոխում են միմյանց կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անսահման նվիրումով։

 Տպավորված Սոնայի և արցախյան մյուս հերոսների պատմություններով` պատերազմը վավերագրող Շավարշ Վարդանյանը որոշում է դրանք գեղարվեստական ստեղծագործության վերածել:

Գաղափարը սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի հետ համագործակցությամբ դառնում է գեղարվեստական կինոսցենար:

Ֆիլմում տեղ են գտել Շավարշ Վարդանյանի անձնական արխիվից երբևէ չհանրայնացված վավերագրական կադրեր:

 Լայնամասշտաբ կինոնախագծի մեկնարկը տրվել է 2014 թվականին՝  «Ռակուրս» և մոսկովյան «APcinema» ընկերությունների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

«Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմն աչքի է ընկնում մեծ դերասանական կազմով՝  Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարգարյան, Հովակ Գալոյան, Ալեքսանդր Խաչատրյան, Արա Սարգսյան, Ռազմիկ Խոսրոև, Անի Խաչիկյան, Անդրանիկ Խաչատրյան, Լևոն Մելոյան, Լևոն Ղազարյան, Գնել Ուլիխանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Արկադի Ղարագուլյան, այլք։ Ֆիլմին իրենց մասնակցությունն են բերել հրավիրված դերասաններ Տատյանա Դերբենյովան և Կարինա Գոնդագսազյանը: 

 Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Շավարշ Վարդանյանը, բեմադրող օպերատորներն են Արտավազդ Խաչատրյանը, Մաքսիմ Հայրապետովը։ Երաժշտության հեղինակն է Հայկոն (Հայկ Հակոբյան):

Ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ 

Հնչյունային ձևավորումը և ձայնային 5.1 ձեվաչափի համադրումը կատարվել է  «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի արտադրատեխնիկական բազայում։ Հնչյունային ռեժիսորն է Վասիլի Կրաչկովսկին, ձայնի երաժշտական սուպերվայզերը՝ Արտաշես Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]