Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկեց «Թատերական Գավառ» փառատոնը

Մեկնարկեց «Թատերական Գավառ» փառատոնը

ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնում սեպտեմբերի 16-ի երեկոյան բացվեց «Թատերական Գավառ» փառատոնը:

«Արմենպրես» -ի տեղեկացմամբ՝ թատերական փառատոնի մեկնարկը տրվեց ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի ողջույնի խոսքով: Փառատոնը սկսվեց Ս. Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս» ստեղծագործության բեմականացմամբ, որը ներկայացվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կողմից: Փառատոնի բացմանը ներկա էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ, մարզի տարբեր բնակավայրերից ժամանած թատերասերներ:

Ինչպես նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Գեղարքունիքի մարզում, հանրությանը հաղորդակից դարձնել թատերական արվեստի զարգացումներին: «Բոլոր տասը ներկայացումները տեղի կունենան Գավառի Լ․ Քալանթարի անվան թատրոնի բեմում: Ներկայացումների մուտքն ազատ է: Դրանք դիտելու են գալիս մարզի տարբեր բնակավայրերից: Փառատոնը մեր մարզի թատերական կյանքում առաջինն է իր բովանդակությամբ ու հանրաճանաչ թատրոնների մասնակցությամբ, նման հարուստ խաղացանկով: Մեկ շաբաթվա ընթացքում հանդիսատեսը կդիտի տասը ներկայացում: «Հաղթանակի գենեզիս» ներկայացումից բացի, Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը կներկայացնի Հ. Թումանյանի «Հենց էն Հուռին», Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնը՝ Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի», Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնը՝ «Գայլն ու յոթ ուլիկները», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի», Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ Է․ Րաֆֆիի «Իուարշայի սուրը», Հ. Մալյանի անվան թատրոնը՝ Ա․ Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան», Մնջախաղի թատրոնը՝ Ժ․ Դադասյանի «Խաղ», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ Հ. Բեգլարյանի «Արծվաբույն», Գավառի Լ․ Քալանթարի անվան թատրոնը՝ Մ․ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործությունները»,-նշեց Գեղամ Չարվադարյանը:

Թատերական փառատոնը կազմակերպել են Հայաստանի թատերական գործիչների միությունն ու «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամը՝ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Սեպտեմբերի 17-ին կցուցադրվի երկու ներկայացում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]