Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վարչապետն աշխատանքային այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ կմեկնարկի Լոս Անջելեսից. կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի  ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ