1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԳԴՀ նախկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար` բարձր գնահատել նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում էկումենիկ պատարագի ժամանակ:

Նշելով, որ Հայաստանը և Գերմանիան բարեկամության ու համագործակցության երկարամյա պատմություն ունեն` նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Գերմանիան և գերմանական ընկերությունները Հայաստանը կարող են դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Նա ընդգծել է համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը մասնավորապես մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: «Ես կուզենայի, որ գերմանական միջազգային խոշոր ընկերությունները համագործակցեին Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկայի ոլորտներում»,- ասել է նախագահը:

Խոսելով մշակութային համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մշակութային տեսանկյունից, կարծում եմ, կարող ենք համագործակցել նախագահական մեր նախաձեռնության շրջանակում՝ տարբեր երկրների մշակույթների ներկայացում նախագահական նստավայրում, որի ընթացքում այցելուները կկարողանան տեսնել ոչ միայն նստավայրը, այլև ծանոթանալ տարբեր ազգերի պատմությանն ու արվեստին»:

Գերմանիայի նախկին նախագահն իր հերթին նշել է. «Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ տարածաշրջանում հանձին Ձեզ հանդիպում եմ այնպիսի նախագահի, ով սերում է գիտական շրջանակից: Պատիվ ունեմ այսօր ներկա գտնվելու այստեղ: Լսել եմ, որ Հայաստանում համակ ուշադրությամբ հետևել են Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ելույթին, և ես շնորհակալ եմ, որ արդեն ոչ թե հեռավորության վրա, այլ մոտիկից կարող եմ ծանոթանալ ձեր երկրին, նրա ժողովրդին և մշակույթին»:

Հանդիպմանը ջերմ ու անկեղծ մթնոլորտում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հեռանկարների, հայ-գերմանական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]