Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում

Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել ԿՏՀ Կապի ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 16-17-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում  է Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 55-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցության տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ մասնակից-պետությունների համակարգող խորհրդի 25-րդ համատեղ նիստերին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ողջունելով մասնակիցներին՝ նախարարն անդրադարձել է  թվայնացման ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որդեգրած պետական քաղաքականությանը: 
Հակոբ Արշակյանը մասնավորապես նշել է, որ թվայնացման զարգացումը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալու  տնտեսության և սոցիալական կյանքի բոլոր ոլորտները ենթարկել արմատական փոփոխությունների:
«Համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը թույլ կտա ամբողջ տարածաշրջանը դարձնել ավելի մրցունակ և ներգրավված լինել համաշխարհային տնտեսության գործընթացներում: Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Եվրասիական միության մեջ ներգրավված երկրների հետ՝ թվային օրակարգի շրջանակներում որոշումների կայացման և ծրագրերի իրականացման բարձր չափանիշներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքի և ԵՄ-ի հետ մեր ավանդական կապերը, մենք ակտիվորեն ներգրավված  ենք ինչպես ենթակառուցվածքային,  այնպես էլ մեր թվային շուկաները ԵՄ շուկային համապատասխանեցմանն ուղղված նախագծերում»,-նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ «Թվային շուկաների ներդաշնակեցում» ծրագրի շրջանակներում Հայաստանն աշխատում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության ռազմավարության, էլեկտրոնային թվային միջանցքների մշակման, թվային հմտությունների կատարելագործման ուղղությամբ, և այլն:
«Հայաստանը ներկայում  իրականացնում է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր Մերձավոր Արևելքի երկրների հետ: Հուսով ենք, որ մեր փորձն այս ոլորտում թույլ կտա Միջին Ասիայի երկրների հետ համատեղ գործարկել նոր ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր տարածաշրջանը կկապեն Ասիական և Խաղաղօվկիանոսային երկրների, Եվրոպայի և Ասիայի հետ»,-նշել է նախարարը: 
Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև, որ տնտեսության թվայնացումը ենթադրում է նաև նոր ստանդարտների ներդրում,  էկոհամակարգերի ստեղծում, զարգացման ռազմավարության մշակում ու կիրառում: 
«ՀՀ կառավարությունն այս ուղղությունը առաջնահերթություն է համարում, այդ իսկ պատճառով կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը պետք է մշակի և իրականացնի թվայնացման, էկոհամակարգերի ստեղծման և ռազմական արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականությունը»,- նշել է նախարարը: 
Հակոբ Արշակյանը պատրաստակամություն է հայտնել  ակտիվորեն համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նպաստել համատեղ ծրագրերի մշակմանը, աջակցել միջազգային մակարդակում տարածաշրջանային նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված ջանքերին: 
Ամփոփելով ելույթը՝ նախարարը բոլոր մասնակիցներին հրավիրել է ներկա գտնվել Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել Կապի տարածաշրջանային համագործակցության մասնակից-պետություններում թվայնացման զարգացման հեռանկարային ուղղություններին, 5G տեխնոլոգիաների զարգացման և ներդրման հնարավորություններին, Ռադիոկապի համաշխարհային համաժողովին (WRC), Հեռահաղորդակցության կապի ստանդարտացման համաշխարհային նստաշրջանի (WTSA 2020) նախապատրաստական աշխատանքներին, օրակարգային մի շարք այլ հարցերի։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]