Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր մակարդակով հաստատված երկխոսության դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև ֆրանսիացի խորհրդարանականների կարևոր դերակատարությունը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերին և դրա շրջանակներում հաստատված համագործակցությանը: ԱԳ նախարարը նշեց, որ ՖՄԿ-ն միջազգային և տարածաշրջանային համագործակցության լավ հարթակ է, և ընդգծեց, որ Հայաստանը` որպես գագաթաժողովը նախագահող պետություն, իր վճռական ներդրումն է ունենալու ֆրանկոֆոն արժեքների առաջմղման և տարածման գործում: Ներկայացնելով ՖՄԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նաև կարևորեց կառույցի` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում էին նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ և այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի պատգամավորներին` մարդու իրավունքները հարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման և վճռականության համար՝ շեշտելով, որ Արցախը նախևառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականության պետք է հասանելի լինեն բոլոր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Նշվեց, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրավունքների հանդեպ ցուցաբերված համերաժշության արտահայտություն է:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ