Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դուք կարևոր նպաստ եք բերում ԼՂ հարցի կարգավորմանը. Փաշինյանը՝ Գի Տեսիենի գլխավորած պատվիրակությանը

Դուք կարևոր նպաստ եք բերում ԼՂ հարցի կարգավորմանը. Փաշինյանը՝ Գի Տեսիենի 
գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն,  Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը, Կոմունիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Պիեր Ուզալիասը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին Հայաստանի կառավարությունում և ընդգծել, որ նրանք մեծ ներդրում ունեն հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման և Արցախի հարցի արդարացի լուծման գործում: «Մենք բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, որն ապացույց է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների: Շնորհակալ ենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը ցուցաբերած աջակցության, ձեր սկզբունքայնության, հետևողականության և վճռականության համար: Ձեր գործունեությամբ դուք կարևոր նպաստ եք բերում Արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նկատել է, որ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև թե՛ երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական խորացումը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Գի Տեսիենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և նշել, որ շուրջ 30 տարի հանդիսանալով Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ՝ մեծ սիրով շարունակում է աշխատել հայ-ֆրանսիական բարեկամության սերտացման ուղղությամբ: Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների՝ Արցախ կատարած այցին և խոսել տպավորությունների մասին: Նա նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի իր ձայնը բարձրաձայնելու կամք և խաղաղ պայմաններում ապրելու վճռականություն, և Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները շարունակելու են այցելել Արցախ՝ նպատակ ունենալով աջակցել հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահը նշել է, որ Ֆրանսիայում հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին և խորը հարգանք ունեն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) և պատրաստակամություն հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցության շրջանակում աջակցել CEPA-ի կիրարկմանը:

Վարչապետը կարևորել է Հայաստանի եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման համատեքստում կարևորել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը:

Նիկոլ Փաշինյանը նաև երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող քայլերի համար ու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու համար, ինչն ընդգծում է երկու երկրների միջև բարեկամության անշրջելի բնույթը:

Մտքերի փոխանակության ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտների բարեփոխումներին, կանանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավվածությանը և տնտեսական գործունեության խթանմանը, երիտասարդ սփյուռքահայության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]