1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սամուրգաշև եղբայրներից ամենատիտղոսավորը  

 Սամուրգաշև եղբայրներից ամենատիտղոսավորը

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի Դաշնության  առաջնությունների բազմակի  ոսկե մեդալակիր, Դոնի Ռստովի պատվավոր քաղաքացի Վարդերես Սամուրգաշևի  40-ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վարդերես Սամուրգաշևը ծնվել է Դոնի Ռոստովում հայտնի հայկական ընտանիքում։ Նա մանկուց  էր դատապարտված  ըմբիշ դառնալու, քանզի նրա երեք եղբայրները՝ Ռաֆայելը,  Ալբերտը, Սեմյոնը նույպես ճանաչված  ըմբիշներ էին և քանիցս արժանացել էին ԽՍՀՄ երիտասարդների և մեծահասակների, Ռուսաստանի Դաշնության առաջնություննրի  չեմպիոնի և մրցանակակրի  կոչման։ Բացի դրանից, Ռոստովի ըմբշամարտի դպրոցը բարի համբավ էր վայելում ողջ Խորհրդային Միությունում, ինչում մեծ ավանդ ունեին տեղի հայազգի մարզիկները։ Բավական է հիշել աշխարհի և Խորհրդային Միության  չեմպիոն Գուրգեն Շատվորյանին, Խորհրդային  Միության եռակի չեմպիոն Գեորգի Տեր-Մալաևին,  ԽՍՀՄ առաջնությունների բազմակի մրցանակակիր, ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ Սուրեն Ղազարովին և այլոց։

Հասկանալի է, որ փոքրիկ Վարդերեսը, որ կրում էր հոր անունը, տանը հաճախ էր «մենամարտի» բռնվում ավագ եղբայրների հետ և միշտ «հաղթում»։ Ավագ եղբոր՝ Ռաֆիկի նկատմամբ «տարած» հերթական հաղթանակից հետո վերջինս յոթնամյա Վարդերեսին տանում է մարզադահլիճ և խնդրում մարզիչ Սուրեն Ղազարովին ևս մեկ Սամուրգաշևի  ընդունել իր խմբում։ Փորձառու մարզիչը, քաջ իմանալով Սամուրգաշևների նվիրվածությունն  ըմբշամարտին ու նրանցից յուաքանչյուրի ունակությունները, նրանց  ավանդը մարզաձևի զարգացման գործում, ընդունում է երեխային։ Ի՞նչ իմանար փորձառու մարզիչը, որ հենց այդ մանչուկն էր դառնալու իր լավագույն սաներից մեկը, ով  նվաճելու էր աշխարհը, ապա նաև՝ Օլիմպոսը։

Շատ շուտով Վարդերես Սամուրգաշևին ընդգրկում են Ռուսաստանի Դաշնության պատանեկան, ապա  նաև երիտասարդական  հավաքականների կազմում և… չեն թաքցնում իրենց ակնկալիքները՝ մոտ ապագայում Վարդերեսին  տեսնելու չեմպիոնի պատվնդանին կանգնած։ Տղան հուսախաբ չի անում ո՛չ  իր մարզչին, ո՛չ  էլ մերձավորներին, հատկապես ավագ եղբորը։

 1994 թվականին,15-ը տակավին չբոլորած Վարդերեսը դառնում է պատանիների Ռուսաստանի Դաշնության չեմպիոն։ Մեկ տարի անց բրոնզե մեդալ է նվաճում աշխարհի պատանեկան առաջնությունում և արծաթե մեդալ՝ Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում։

     1996-97 թվականներին Վովան, ինչպես նրան կոչում էին մերձավորներն ու ընկերները, իրեն հավասարը չուներ Ռուսաստանի Դաշնության երիտասադական առաջնություններում, իսկ 1997  թվականին հայազգի մարզիկը Վարշավայում հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ թվականին Վարդերեսին բացառության կարգով թույլ տվեցին մասնակցելու Ռուսաստանի  մեծահասակների առաջնությանը։  Հաղթանակներին սովոր երիտասարդն այս անգամ էլ բարձրացավ հաղթողի պատվանդանի ամենաբարձր աստիճանին։ Չափազանց բեղմնավոր էր երիտասարդ ըմբիշի համար 20-րդ դարի վերջին տարին։ Նա նախ հաղթեց Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում, ապա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն, իսկ տարեվերջին ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում։ Նա արդեն Ռուսաստանի Դաշնության ազգային հավաքականի ամենահավանական թեկնածուն էր։

     2000 թվականին, Եվրոպայի առաջնությունում բացարձակ առավելութ յամբ հաղթելով բոլոր մրցակիցներին և նվաճելով մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը, Վարդերես Սամուրգաշևը վստահորեն հայտարարեց իր օլիմպիական նկրտումների մասին։     

     21-ամյա ըմբիշը պատանեկան և երիտասարդական մրցումներում  նվաճել էր բոլոր հնարավոր տիտղոսները։ Մեծահասակների շրջանում ևս նա գրեթե մրցակից չուներ։ Բայց նրա մարզական ավարների հավաքածուում բացակայում էին մեծահասակնեի աշխարհի  և օլիմպիական խաղերի չեմպիոնի ոսկե մեդալները։

     Նպատակասլաց  երիտասարդը ձեռնամուխ է լինում այդ բացը լրացնելուն։ Հենց 2000 թվականին և դրանից հետո են արձանագրվում Վարդերեսի բոլոր խոշոր հաղթանակները միջազգային  մրցասպարեզներում։

     2000 թվականին Սիդնեյի օլիմպիադայում ռոստովցի  մարզիկը հենց առաջին իսկ գոտեմարտից հետո ապացուցում է, որ ինքն Ավստրալիա է ժամանել օլիմպիական ոսկին նվաճելու հաստատ մտադրությամբ։ Եթե թվարկենք այն մարզիկների անուննեը, որոնց նա հաղթել է դեպի Օլիմպոս տանող ճանապարհին, ապա ինքներդ կհամոզվեք, որ հայազգի երիտասարդ ըմբիշի հավակնություններն արդարացված էին, և մեծ ջանքեր էին պահանջվում այդ հռչակավոր մարզիկին հաղթելու համար։  Այդ անունները թվարկենք ըստ գոտեմարտերի հաջորդականության։ Առաջինը նա հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն, լեհ Վլոձիմեժ Զավադսկուն, ապա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Շերեֆ Էրօղլուին (Թուրքիա), աշխարհի գավաթակիր Քևին Բրեկենին ( ԱՄՆ), Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Ակակի Չաչուային (Վրաստան)։  Եզրափակիչում Սամուրգաշևը հաղթեց նախորդ օլիմպիադայի ածաթե մեդալակիր, կուբացի Խուան Լուիս Մարենային և նվաճեց օլիմպիական ոսկին, որը նրա մարզական ավարում, ինչպես նշեցինք, դեռևս չկար։  Առաջինը եղբորը շնորհավորեց Ռաֆայել Սամուրգաշևը, ով այդ օլիմպիադայում հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո։

   Այդ հաղթանակից հետո Վարդերեսը թեթև քաշից տեղափոխվեց միջին քաշ։  2002 թվականին, իր համար նոր քաշային կարգում նա նախ  արծաթե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում, ապա որոշ ժամանակ անց դաձավ աշխարհի չեմպիոն՝ դրանով ապացուցելով, որ  միջին քաշում էլ կարող է հավակնել նորանոր հաղթանակների։

   Աթենքի օլիմպիադա Վարդերեսը մեկնեց որպես այդ խոշորագույն մարզական ստուգատեսի հավանական հաղթողներից մեկը։ Առաջին երեք գոտեմարտերը, որոնք նա վարեց Շվեդիայի, Ուրաինայի և Գերմանիայի ներկայացուցիչների դեմ, վկայում էին Սամուրգաշևի գերազանց մարզավճաի մասին։ Բայց կիսաեզրափակիչում նա անսպասելի  տանուլ տվեց գրեթե անհայտ մի ըմբիշի՝ Ուզբեկստանը ներկայացնող Ալեքսանդր Դոկտուրաշվիլուն և… մխիթարվեց  միայն բրոնզե մեդալով։ Հետագայում Վարդերեսը խոստովանեց, որ մարտը տանուլ  էր տվել մրցակցին թերագնահատելու պատճառով, և որ այդ մրցելույթը նրա մարզկան կյանքում ամենաանհաջողն էր։

       Հետագայում Վարդերեսը  պահպանեց  իր լավագույն մարզավիճակը։ 2005 թվականին Բուդապեշտում նա նվաճեց աշխարհի չեմպիոնի, իսկ 2006-ին Մոսկվայում՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումները,  և Պեկինի օլիմպիադա մեկնեց նույն վստահությամբ՝ նվաճել ոսկե մեդալ։ Հավանաբար, այդպես էլ կլիներ, եթե գործին չմիջամտեր ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիո Սալետնիգան։ Դա տեղի ունեցավ քառորդ եզրափակիչում։ Մինչ այդ նա հեշտությամբ հաղթել է Դանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Այն չարաբասիկ քառորդ եզրափակիչում նա մրցում էր հունգարացի ըմբիշ Պետեր Բաչիի հետ։ Մի պահ Վարդերեսսը մի հնարք կիրառեց, որի համար մրցավարները՝ թե կողային, թե գորգի, նրան երեք միավոր տվեցին։ Այդ պահին գործին միջամտեց միջազգային ֆեդերացիայի նախագահը և ռուսաստանցի մարզիկին զրկեցին այդ միավորներից։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները բողոքարկեցին իր պաշտոնեական դիրքը չարաշահող այդ չինովնիկի աննախադեպ պահվածքի և միջամտության դեմ, բայց  իզուր։ Սամուրգաշևն այլևս չկարողացավ ուշքի գալ այդ աղաղակող  անարդարացի միջադեպից և դուրս մնաց հետագա պայքարից։ 2009 թվականին Լոզանի սպորտային իրավարար դատարանը անիրավացի համարեց միջազգային ֆեդերացիայի նախագահի միջամտությունը, բայց հանդիպման արդյունքը չփոխեց։ Ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել էր։ Այդպիսով, երկու օլիմպիադա անընդմեջ Վարդերես Սամուրգաշևը զրկվեց չեմպիոնի  ոսկե մեդալից։ Եթե Աթենքում մեղքի իր բաժինն ուներ ինքը՝ մարզիկը, ապա Պեկինի դեպքում մեղավորը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի աչառու պահվածքն էր։

   2009 թվականի հունիսին Կրասնոդարում կայացած Ռուսաստանի առաջնությունում հերթական գոտեմարտն անցկացնելիս նա ծնոտի ծանր վնասվածք է ստանում։ Բուժվում է, վերադառնում մրցագորգ։ Բայց հասկանում է, որ ինքն արդեն նախկին Վարդերես Սամուրգաշևը չի և որշում է հրաժեշտ տալ մեծ սպորտին։ Դա 2012 թվականին էր։ Ասենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում Վարդերես Սամուրգաշևը մեկ անգամ նվաճել է օլիմպիական ոսկին, վեց անգամ դարձել է Ռուսաստանի Դաշնության, երկու անգամ աշխարի և նույնքան անգամ՝ Եվրոպայի չեմպիոն։ Մյուս կարգի մեդալներն ու նաև պատանեկան և երիտասարդական առաջնություններում շահած մրցանակները չենք հաշվում։ Նա նաև ՌԴ «Պատվո» և «Բարեկամության» շքանշանների ասպետ է։

    2012 թվականի սեպտեմբերին նրան ընտրում են Դոնի Ռոստովի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։ Գրեթե նույն օրերին հետևում է Հայաստանի արձագանքը. Հայաստանի Հանրապետության սպորտի նախարարությունը ռոստովցի մարզիկին  պարգևատրում է  նախարարության Ոսկե մեդալով։ Իսկ մեկ տարի անց, 2013-ի սեպտեմբերին Վարդերես Սամուրգաշևն ընդտրվում է Դոնի Ռոստովի Օրենսդիր ժողովի պատգամավոր։ 2014 թվականին սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Վարդերես Վարդերեսի Սամուրգաշևին շնորհվում է Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացու կոչում։ Ավելին, դեռևս 2004 թվականին Ռոստով քաղաքում կանգնեցվել է ըմբշամարտիկի բրոնզաձույլ արձանը՝ հետևյալ մակագրությամբ. «Վարդերես Սեմուրգաշև՝ Դոնի  առաջին օլիմպիական չեմպիոնը  ըմբշամարտում»։

       Հետաքրքիր է, որ Սամուրգաշևների մարզական գերդաստանի հիմքը դրել է ըմբիշ եղբայրների մայրը՝ Նելլի Մխիթարյանը, ով ժամանակին Դոնի Ռոստովի լավագույն ձեռնագնդորդներց  մեկն էր, անգամ բրոնզե մեդալ էր նվաճել ԽՍՀՄ առաջնություններից մեկում։

   Վարդերես Սամուրգաշևն ավարտել է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը, ապա նաև՝ Կուբանի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։ Ունի չորս արու զավակ, որոնցից երեքը կրում են իրենց հորեղբայրների անունները՝ Ալբերտ,Ս եմյոն, Ռաֆայել։ Նա չորրորդ տղային  տվել է իրենց մարզչի՝ Սուրեն Ղազարովի անունը։

    Սեմուրգաշև  եղբայրներից  ավագը՝ Ռաֆայելը,  Ռոստովում հայտնի գործարար  է։ Նա նաեև ճանաչված բարերար է, ով սիրով օգնում  է կարիքավորներին, տեղի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցուն,  մշտապես  սատարում է զանազան մրցումների և հավաքների մեկնող  քաղաքի և մարզի մարզիկներին։ Սի քանի տարի առաջ նա սահմանեց «Սամուրգաշև եղբայրների մրցանակ», որը վիճարկում  են Ռուսաստնի մի շարք մարզերի, տարբեր երկրների երիտասարդ ըմբիշներ։ Մասնագետների կարծիքով, այդ մրցաշարը հիանալի դպրոց է մեծ սպորտում առաջին քայլերն անող պատանի մարզիկների համար։ Այդ մրցաշարին եղբայրները մշտապես հրավիրում են նաև Հայաստանի պատանի  ըմբիշներին, ովքեր ոչ միայն սիրով են մասնակցում այդ մրցաշարին, այլևս  քանիցս արդեն նվաճել են այդ մրցանակը։

                                                                                                                                                   Լևոն Ազրոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]