Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղրղզստանի նախագահին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ, որին ներկա էր նաև արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը (Чингиз Айдарбеков): Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, բարձր գնահատվեց երկու երկրների միջև արդյունավետ փոխգործակցությունը տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, երկուստեք կարևորվեց երկկողմ տնտեսական կապերն առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտը լիովին բավարար է տնտեսական, կրթական և մշակութային արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար, և հավաստիացրեց ՂրՀ նախագահին, որ ջանքեր կգործադրի այդ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ