Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը շրջեց գրեթե բոլոր տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի մասնակից, քան 2018 թվականին:

«Անցյալ տարի՝ հեղափոխությունից անմիջապես հետո, միջոցառմանը մասնակցում էր 110 մասնակից: Այսօր մասնակցում է 150 մասնակից 7 երկրից՝ Ռուսաստանի, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա և այլն: Այս ամենը փաստում է այն մասին, որ սկսվել է նաև տնտեսական հեղափոխության գործընթացը»,- ասաց Ղազարյանը:

Նա նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛  ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:

Տաղավարներից մեկում, որտեղ պայուսակներ էին ցուցադրված, Փաշինյանի միջոցով նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նվիրեցին դրանցից մեկը:

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ ՀՀ վարչապետին նվիրեց մանկական «Գիտություն» հանրագիտարանը, որը 4 օր առաջ էր տպագրվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ