Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Տիգրան Ավինյանը մասնակցեց ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 12-ին մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար:

Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում: Կարևոր նշանակություն է տրվում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին, արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը:

Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում հիմնարար թեմաներից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է: Ակնհայտ է, որ անդամ պետությունների բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միջև համագործակցության մակարդակը անբավարար է: Մինչդեռ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի աշխուժացումը կարող է դառնալ փոխգործակցության խորացման լրացուցիչ և կարևոր գործիք:

Բացը լրացնելու համար հայկական կողմն առաջարկեց ակտիվացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինություն, հաջորդ սերնդի ցանցերը, ավիատիեզերական համակարգերը, միկրոէլեկտրոնիկան և ռադիոէլեկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը և արհեստական բանականությունը: Տիգրան Ավինյանը նշեց, որ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը հենց այն հարթակն է, որտեղ կարելի է քննարկել այս հնարավորությունները:

Նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ