Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրավունքի տոն Երևանում և Վանաձորում

Իրավունքի տոն Երևանում և Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես էլ եմ այստեղ» խորագիրը կրող տարվա իրավատոնը՝ «Հոդված 3» մարդու իրավունքների փառատոնը, այս տարի արդեն երկրորդ անգամ կանցկացվի՝ մեկնարկելով հենց այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին։

Թատերական ներկայացումներ, մարդու իրավունքի զրույցներ, Վիքիպեդիա խմբագրաթոն, սթրիթ-արթ, վազքի մարաթոն, տոնական համերգ. ահա այն, ինչ նախատեսվել է այս տարվա յոթնօրյակի՝ սեպտեմբերի 14-20-ի համար։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպվող փառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Վանաձորում։ Կազմակերպիչների խոսքով՝ արվել է ամեն բան, որ այս մի քանի օրերի ընթացքում մասնակիցները ստանան հնարավորինս շատ գիտելիքներ իրենց իրավունքների մասին։

«Փառատոնը նպատակ ունի հանրային, մշակութային միջոցառումների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, դառնալ երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ստեղծել մարդու իրավունքների վերագնահատման և արժևորման մշակույթ»,- նշում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս տարի փառատոնը նվիրված է ատելության խոսքի դեմ պայքարին։

«Այսօր մարդկանց, խմբերի, վարքագծերի կամ գաղափարների միջև առկա տարակարծութունները հաճախ հանգեցնում են ատելության խոսքի տարածմանը, որը դրդում, խրախուսում կամ արդարացնում է անհանդուրժողականությունն ու անհանդուրժողականության վրա հիմնված ատելությունը։ Մինչդեռ պետք է մշտապես հիշել՝
հասարակությունը, որում ապրում ենք, բազմազան , անկախ մեր ընկալումներից մեզ շրջապատող մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց հայացքները, մոտեցումները, ապրելակերպն ու համոզմունքները։ Ուստի՝ ոչ ոք չի կարող հղում կատարել իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքին և բորբոքել ատելություն կամ քարոզել բռնություն»,-ասում է Բաղդասարյանը։

Փառատոնի ծրագրերի համակարգող թիմի անդամ Մելինե Գևորգյանն  ասում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, երբ փառատոնի բացումն արվեց համերգով, այս տարի որոշել են փակումը նշել տոնական համերգով, իսկ փառատոնը բացել խորհրդանշական բեմադրությամբ․

«Այս տարի փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին՝ «Ես կին եմ» թատերական ներկայացմամբ։ Ներկայացման սցենարը հիմնված է հոգեբանական ծառայություն դիմած երեք կնոջ կյանքի պատմության վրա։ Ներկայացմանը հաջորդելու է հանդիսատեսի հետ թեմայի քննարկումը։ Փառատոնի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, սթրիթ-արթի միջոցով որոշել ենք ամրացնել ու իրավունքահեն պատկերներով գունազարդել մեր քաղաքի ոչ շատ հաճախ հիշվող վայրերից մեկը՝ մետրոյի Գործարանային կայարանի հարակից մի քանի մետր երկարություն ունեցող, անբարեկարգ վիճակում գտնվող պատը։ Արդեն երկուշաբթի՝  սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Վիքիմեդիա Հայաստան/Wikimedia Armenia ՀԿ-ի գրասենյակում տեղի կունենա խմբագրաթոն, որի ընթացքում մեր կամավորները Հայերեն Վիքիպեդիայում կխմբագրեն և կհրապարակեն մարդու իրավունքների վերաբերյալ 16 հոդված։ Իսկ երեկոյան՝ 18։00-ին «Մարդու իրավունքների զրույցի» ձևաչափով ոչ ֆորմալ հանդիպում կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ»։

Արդեն երեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ից փառատոնը կշարունակվի Վանաձորում։ Վանաձորյան միջոցառումների մեկնարկը կտրվի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ժամը 19։00-ին՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացմամբ։ Սեպտեմբերի 18-ի, ժամը 15։00-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և գրող, հրապարակախոս Արմեն Հայաստանցու հետ քննարկվելու են մարդու իրավունքները հայ գրականությունում, մասնավորապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։ Իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին ինտերակտիվ թատերական ներկայացում տեղի կունենա ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում։

Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։30-ին,Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում կայանալիք «Ռոքը հանուն իրավունքների» բացօթյա համերգով էլ, որի ժամանակ նույն բեմում հանդես կգան հայտնի ու սիրված «Լավ էլի» և «Բամբիռ» ռոք խմբերը, կամփոփվի փառատոնը։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, սակայն «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության կայքում և ֆեյսբուքյան էջում բացված միջոցառումներում կարող եք գտնել հայտեր, որոնք հարկավոր է լրացնել։ Փառատոնի մասին բոլոր մանրամասները՝ այստեղ։

2018 թվականին փառատոնը տեղի է ունեցել Երևան և Գավառ քաղաքներում՝  «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով (մանրամասներն՝ այստեղ և այստեղ): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]