Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Կյանքը մեկն է ու ոչ անսահման. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի ուղենիշը հաղթողի հոգեբանությունն է


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի հետ հարցազրույցի գնացի առանց նոթատետրի, թուղթ ու գրիչի։ Թեեւ հանդիպմանը երկար ժամանակ պատրաստվում էի՝ համացանցը «տակնուվրա» անելով ու նրա մասին հնարավոր տեղեկատվություն հավաքելով, բայց այդպես էլ հարցեր չկազմեցի։
Հատուկ ու հստակ կազմված հարցերը, կարծեցի, որ այդ դեպքում տեղին չեն լինի, որովհետեւ ՀՀ եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի մասին բոլորը գիտեն։ Նորություն էր միայն նրա՝ փոխգնդապետի կոչում ստանալը։ Ուստի մտովի ծրագրեցի նախ շնորհավորել այդ առիթով, հետո արդեն հարց ուղղել պահի թելադրանքով ու զրույցից ելնելով։
Զրույցը սպորտից սկսվեց։ Սարգիսը պատմեց, որ 2014թ. հուլիսին պաշտպանական շրջաններից մեկում մարտական առաջադրանք կատարելիս՝ վիրավոր ընկերոջը դուրս բերելու ժամանակ, ականապայթյունային վիրավորում է ստացել։ Ոտքերն ու աջ ձեռքն է կորցրել։ Եվ արդեն 2015թ. փետրվարից՝ դեռ վերականգնողական փուլ չանցած, զբաղվել է բազկամարտով. «Քանի որ մեկ ձեռքս էր մնացել, լավագույն տարբերակը բազկամարտն էր։ Մարզչիցս՝ Արտավազդ Նալբանդյանից հետաքրքրվեցի՝ արդյունք կլինի՞, որովհետեւ ես սիրողական չէի ուզում զբաղվել, եթե մի բան անում եմ՝ արդյունք պետք է ստանամ, ասաց՝ ինձանից է կախված։ Ու այդպես մարզվում եմ մինչ օրս»։


Ձախլիկությանը հարմարվելը սպորտում նրան չի խանգարում, որովհետեւ սպորտը «կոպիտ» գործողություններ է պահանջում. «Աջլիկ եմ եղել։ Ձախ ձեռքը ոնց որ քոնը չլինի, սովորաբար այդպես է։ Հիմա, սակայն, բավականին տարբերություն կա։ «Նուրբ» գործողություններն այդքան էլ լավ չեն ստացվում, «կոպիտ» գործողությունները հեշտությամբ կատարում եմ։ Բայց որ աչքերս փակում եմ, աջ ձեռքս ամբողջությամբ զգում եմ ու ինձ թվում է՝ ավելի լավ եմ զգում։ Հետաքրքիր զգացողություն կա։ Մինչեւ անգամ գրիչը հենում էի աջ ձեռքիս ու ավելի գեղեցիկ էի գրում, քան ձախ ձեռքով։ Աստիճանաբար ձախին սովորելն ավելի լավ կստացվի»։
Իրեն մեծ ուժ տված ու կամքի ուժն ավելի ամրապնդած հաջողության մասին հարցին անմիջապես պատասխանում է. «Ես առաջին հերթին ուժ եմ ստանում իմ ընտանիքից, իմ տղաներից, երբ տեսնում եմ իրենց լավ, հպարտ։ Ուժ եմ ստանում ժողովրդից»։ Որդիների մասին փոխգնդապետն առանձնակի ոգեւորված է պատմում։ Նրանք հիմա Հնդկաստանում՝ Կալկաթայում են սովորում. «Մեծ տղաս՝ Վարդանս, այնտեղ նաեւ բազկամարտով է զբաղվում։ Վերջերս Եվրոպայի առաջնությանը մասնակցեց ու երրորդ հորիզոնականը զբաղեցրեց՝ հաղթելով թուրք եւ այլ մարզիկների։ Դա բավականին լուրջ արդյունք է։ Առաջին անգամ միջազգային ասպարեզ դուրս եկավ, ընդ որում՝ խորացված չի հասցնում պարապել»։
Փոխգնդապետի երկրորդ որդին էլ՝ Սերգեյը, Սարգսի վիրավորումից կարճ ժամանակ անց, հիվանդանոցում նրան տեղեկացրել էր, որ զինվորական է ուզում դառնալ։ Ինչպե՞ս այդ պահին ու այդ պայմաններում վերաբերվեց որդու ասածին՝ ի պատասխան Ս. Ստեփանյանը նշում է, որ երեխաներին ուղղություն չի ուզում ցույց տալ։ Կալկաթայում սովորելու որոշումն էլ նրանցն է եղել. «Դեպքից Սերգեյս շատ էր տպավորված, ուզում էր զինվորական դառնալ։ Մասնագիտական ուղղությունը մյուս տարի է ընտրելու, բայց զինվորական ուղղություն չկա այնտեղ, իսկ Վարդանս ընտրել է բիզնեսի ուղղությունը։ Նրանց վրա չեմ ազդում՝ կընտրե՞ն զինվորական ուղղություն, ուրեմն՝ վերջ. զինվորական պետք է դառնան»։
Իսկ իր հետ պատահած դեպքը հիշելիս նկատում է, որ ամենասկզբից գիտակցել է, թե ինչ է կատարվում՝ պայթյունի պահից մինչեւ հոսպիտալացում։ Բոլոր քայլերն է հիշում. «Բայց մի պահ է եղել, երբ աչքս փակվել է եւ ուզել եմ, որ դա երազ լինի։ Երբ վատ երազ ես տեսնում, ուզում ես շուտ արթնանալ։ Եղել է՝ մի քանի անգամ ուզել եմ ինձ արթնացնել ու տեսնել, որ երազում եմ, բայց հետո հասկանում էի, որ իրականություն է։ Այդ պահն էլ ամենադժվարն էր»։ Զրույցի ժամանակ Սարգիսը հանկարծակի հիշեց այդ իրավիճակն ու շեշտեց, որ այդ պարագայում գիտակցությունն է կարեւոր։ Գիտակցորեն պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Հավատացնում է, որ եթե ուզես ինքդ քեզ տանջել, սպանել, անընդհատ այդ թեմայով ապրել, կարճ ժամանակում կարող ես ինքդ քեզ հոգեկան անհավասարակշռության հասցնել. «Ես միշտ ասում եմ՝ մի կյանք ենք ապրում եւ այդ կյանքն անսահման չէ, փոքրիկ հատված է։ Առավել եւս իրավունք չունես ցավացնելու քո ընտանիքին։ Երբեք չի լինում, որ տխուր լինեմ, լացակումած մթնոլորտ ու խղճահարություն ստեղծեմ՝ երբեք։ Հիմա ինձ հետ այսպիսի դեպք պատահեց, պետք է շարունակեմ կյանքն ապրել կենդանի մարդուն վայել, որովհետեւ եթե Աստված քեզ ողջ է թողել, ուրեմն՝ քեզ հետ ինչ-որ բաներ կան կապված»։
Առհասարակ, զինվորականներն առանձնանում են իրենց խստությամբ, բայց Սարգսի դեպքում այդպիսի զգացողություն չունեցա եւ այդ մասին իրեն էլ ասացի. «Այո, հենց զինվորական բառն արդեն կարգուկանոն է նշանակում։ Ծառայողական տեսակետից, իհարկե, այդ ամենը չենք խախտում, բայց ծառայությունից դուրս շփումներում ծառայողական խստությամբ չեմ հրահանգավորվում»։
Իսկ նոր կոչման մասին խոսելիս էլ բարձրաձայնում է, որ դա հերթական կոչումն է՝ ծառայողական պաշտոնին համապատասխան։ «Ոգեշնչող է, վերջ ի վերջո կոչում է բարձրանում, նոր պաշտոն եմ զբաղեցնում, բայց ամենակարեւորն այն է, որ կարողանաս առաքելությունդ ճիշտ կատարել, անձնվիրաբար կատարես։ Ցանկացած պաշտոնում ես իմ գործը կատարելու եմ լիարժեք, աշխատելու եմ ավելին անել, ավելի շատ պիտանի լինել հայ ազգին, մեր պետությանը, հայոց բանակին։ Ինձ համար ամենամեծ պարգեւն իմ ժողովրդի արձագանքն է ինձ»,—բարձրաձայնում է զինվորականը՝ կարծիք հայտնելով, որ հայրենասիրությունը գենից, հայի տեսակից է գալիս։ Իսկ բանակի վերաբերյալ ընդգծում է՝ կազմավորման առաջին օրվանից անընդհատ դրական աճ է ունեցել, կանգ չի եղել։ Հավատացնում է, որ օր օրի ենք հզորանում։ Ժամանակահատվածներ չառանձնացնելով, Ս. Ստեփանյանը նկատում է՝ մեկ օրում կամ մեկ տարում բանակ չի ստեղծվել։ Դա տարիների քրտնաջան աշխատանք է։
Զրույցի ավարտին էլ պատմեց, որ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզադահլիճում 30-40 հաշմանդամություն ունեցող անձ է մարզվում։ Իսկ աշխարհի առաջնությանն ուզում են թիմով գնալ՝ 8 հոգով։ «Տեսնենք՝ ինչպես կստացվի։ Գնանք, հաղթենք, գանք»,–ասաց ու վերը նշված իր մշտական բարձր տրամադրությամբ ծիծաղեց։ Զրույցն էլ, ինչպես ասում են, լավատեսական նոտայով ավարտեց՝ «այդպիսի լավ բաներ»։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն»




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ